Մոսկվայի հայկական թանգարանում տեղի կունենա Երևանի ճարտարապետությանը նվիրված դասախոսություն

31 Հուլիսի 2024, 10:55

Կրթություն

«Թևավոր ցլերն ու բրուտալիստական աշտարակները. Հայկական մոդեռնիզմի ճարտարապետությունը» թեմայով դասախոսությունը, որը նվիրված է Երևանի ճարտարապետությանը, տեղի կունենա Մոսկվայի հայկական թանգարանում հուլիսի 31-ին: Այս մասին հայտնում է թանգարանի տելեգրամյան ալիքը։

Միջոցառման շրջանակներում դասախոս, ճարտարապետության պատմաբան, էքսկուրսավար, «Ինժեների աչքերով» ընկերության ղեկավար Այրատ Բագաուտդինովը կպատմի 1920-1980-ական թվականների հայկական խորհրդային ճարտարապետության պատմության մասին, կբացատրի, թե ինչ է ազգային ռոմանտիզմը և ինչպես է այն զարգացել հայկական հողում, ինչպես է 1960-ականներին Հայաստանում հաջողվել կառուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, ինչպես է Ջիմ Թորոսյանը կարողացել խորհրդային իշխանության 50-ամյակի հուշարձանը լցնել կրոնական և արխայիկ սիմվոլիկայով: