ՌԴ-ում միգրացիոն օրենսդրության խստացումից տուժում են նաև կայացած ընտանիքները․ Ռուբեն Կիրակոսյան

31 Հուլիսի 2024, 23:16

Քաղաքականություն

Մոսկվայի մարզի պատվավոր փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը Alpha News-ի ուղիղ եթերում խոսել է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում կատարված փոփոխություններին, որի համաձայն՝ խստացվում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը։

«Ըստ նոր կարգի՝ Ռուսաստանում գտնվելու ժամկետը, առանց վիզայի, կազմելու է ընդամենը 90 օր՝ 12 ամսվա ընթացքում: Եթե տվյալ անձը ՌԴ-ում մնալու է 91 օր, պետք է հիմնավորի՝ ինչու է այստեղ գտնվում, ունենա աշխատանքային պայմանագիր, կրթություն ստանալու հիմքեր, բուժման կամ տուրիզմի նպատակը նշի: Իսկ Եթե, օրինակ, ծնողը եկել է իր երեխային տեսնելու, այս դեպքում պետք չէ գրանցում, նրանց դեպքում կգործի միգրացիոն հաշվառումը: Երեխայի մոտ գտնվելը հիմք չէ ավելի երկար մնալու համար: Նա պիտի թույլտվություն ստանա՝ Ռուսաստանում ժամանակավոր բնակվելու համար»,- ասել է փաստաբանը:

Ռուբեն Կիրակոսյանը նշել է, որ հայերը Ռուսաստան գնում են հիմնականում աշխատելու նպատակով, ինչը սեզոնային է:

Մեր զրուցակիցը խոսել է նաև Ռուսաստանում այլ երկրների քաղաքացիների համար սահմանված խիստ հսկողության մասին, ինչի պատճառով ՌԴ-ից վտարումների թիվն ավելացել է։

«Նույնիսկ եթե քաղաքացին, օրինակ, ոչ ճշգրիտ ինֆորմացիա ներկայացնի միգրացիոն վարչության աշխատողին, հիմք է, որ վտարեն նրան Ռուսաստանից: Մանր խուլիգանություն կատարելու դեպքում էլ կարող են մարդուն վտարել ՌԴ-ից: Վտանգը նրանում է, որ մարդկանց վտարելու մարմինների քանակն է շատացել, որ իրավունք կունենա վտարման որոշումը կայացնել:

Բացի դատարանից, որը գոնե ձևական մակարդակով ուսումնասիրում էր ու կարող էր բողոքարկել դեպքը, հիմա ոստիկանության աշխատողը կարող է այդ որոշումը կայացնել: Օրինակ, եթե նա համարի, որ տվյալ անձը խախտել է Ռուսաստանի սահմանադրական կարգը, վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, կարող է արձանագրություն կազմել՝ այդ անձին ՌԴ-ից վտարելու մասին»,- հավելել է Ռուբեն Կիրակոսյանը:

Փաստաբանը ասել է, որ ով հրապարակայնորեն ինչ-որ ակտիվություն ցուցաբերի, կասկածի տեղիք կարող է տալ:

«Եթե որև մեկը հրապարակային ակտիվություն ցուցաբերի, ավտոմատ կերպով դառնում է հիմք՝ զննելու նրա կենսագրությունը: Դժբախտաբար, այդպիսի խստություններից տուժում են կայացած ընտանիքները: Օրինակ, դեպքեր կան, որ ամուսնուն կարող են վտարել, իսկ կինը երեխայի հետ մնա Ռուսաստանում: Մարդիկ կան, որ Հայաստանում են ու ունեն ՌԴ տարածք մուտք գործելու 5 տարվա արգելք»,- ասել է փաստաբանը:

Նա վերջում ավելացրել է, որ ՌԴ մուտք գործող մարդը պետք է ստորագրի հավատարմագիր, որով կպարտավորվի չխախտել ՌԴ օրենքները: