Միայն Իսրայելն է շահագրգռված լայնածավալ պատերազմով․ Սերգեյ Մելքոնյան
02 Օգոստոսի 2024, 22:15
Միայն Իսրայելն է շահագրգռված լայնածավալ պատերազմով։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է պ.գ.թ., «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
«Տարածաշրջանում կա մեկ պետություն, որը շահագրգռված է լայնածավալ պատերազմով։ Խոսքը Իսրայելի, իսկ ավելի ճիշտ՝ Իսրայելի ղեկավարի մասին է։ Իսրայելը դրել էր մի շարք նպատակներ իր առջև։ Առաջինը՝ գերիների վերադարձ, երկրորդը՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումը, երրորդը՝ հետ բերել ժողովրդին Իսրայելի հյուսիսից իրենց տներ։ Գերիների հարցը իրենք կարող էին լուծել միայն բանակցություններով։ Հիմա, որ Հանիեին Իրանում սպանեցին, ակնհայտ է, որ իրենց առջև դրած նպատակներին իրենք չեն հասել»,- ասել է միջազգայնագետը։
Նա բացատրել է, թե Իսրայելի քայլերով Նեթանյահուն ինչ արդյունքներ ունեցավ։
«Նա լավ հասկանում է, որ միջազգային աջակցությունը, ավելի ճիշտ՝ իրենց դաշնակիցների աջակությունը կորցնում են։ Հետևաբար՝ ինքը էսկալացիայի մակարդակը ավելացնում էր։ Միայն այդ դեպքում ԱՄՆ-ն և այլ դաշնակիցներ պատրաստ են կանգնել Իսրայելի կողքին»,- նշել է Սերգեյ Մելքոնյանը։
Նա վստահ է՝ Իսրայելը ամեն կերպ փորձում է պատ կառուցել Իրանի ու ԱՄՆ-ի միջև ու այնպես անել, որ նրանք ոչ մի կերպ չկարողանան բանակցել։
«Իրանի նախագահի ընտրություններում Փեզեշքիանը հաղթեց, բոլոր մեսիջներն ուղարկեց, որ Իրանը պատրաստ է բանակցությունների ԱՄՆ-ի հետ։ Փորձելով Իրանին պատերազմի մեջ ներքաշել՝ Իսրայելը, փաստացի, մեծ պատ է կառուցում ԱՄՆ-ի ու Իրանի միջև, որպեսզի կասեցնի բանակցային գործընթացի յուրաքանչյուր փորձ։ Երկրորդը՝ ԱՄՆ-ին հետ է բերում՝ որպես դաշնակից»,- եզրափակել է Սերգեյ Մելքոնյանը։