Անվտանգության միջազգային երաշխիքներ չկան, ռուսական խաղաղապահ առաքելությանն էլ այլընտրանք չկա  

12 Հունիսի 2023, 16:30

Կարծիք

Օրերս ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն արևմտյան լրատվամիջոցի հետ հարցազրույցում ասաց, որ Բաքվի, Վաշինգտոնի և Թել Ավիվի երկկողմ ու եռակողմ հարաբերությունները խորը, լայն և ռազմավարական են։ Եվ դրանք չեն սպառնում որևէ երկրի։

Դեսպանի այդ հրապարակային արտահայտությունը նշանակում է, որ տարածաշրջանում արևմտյան ազդեցության ուժեղացմանը նպաստելու Բաքվի պատրաստակամությունը վճռական է,  այսինքն՝ Ադրբեջանը որդեգրում է ընդգծված արևմտյան կողմնորոշում։ Թեհրանում Իրան-Ադրբեջան հարաբերությունները դիտարկելիս նշում են, որ դրանք շարունակվում են լուռ լարվածության պայմաններում, որի պատճառը Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն են, որոնք զարգանում են՝ անտեսելով Իրանի անվտանգության կարմիր գծերը։

Parstoday-ը ուշադրություն է հրավիրում Իսրայելի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցին, որից անմիջապես հետո Ադրբեջանի արտգործնախարարությունն իր երկրի քաղաքացիներին հորդորեց զերծ մնալ անհարկի Իրան մեկնելուց։ Դրան ի պատասխան հնչեց Իրանի դիվանագիտական ծառայության խոսնակ Նասեր Քանանիի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանի ժողովրդին սպառնում է Իսրայելը, ոչ թե Իրանը։

Բաքվի աշխարհաքաղաքական հստակ կողմնորոշման պատճառը, թերևս, քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայումն է, ինչը  լուրջ խոչընդոտ է Արցախի ամբողջական օկուպացիայի իրագործման ճանապարհին։

Ըստ այդմ, հասկանալի են Ադրբեջանի ղեկավարության կողմից վաշինգտոնյան ու բրյուսելյան հարթակներում ցանկալի լուծումների հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Այս պարագայում իրական արդյունքն անհավանական է, քանի որ նախաձեռնողականության համար միջնորդների միջև մրցակցությունն այժմ վերածվել է միջնորդների հակամարտության, որն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բարդացնող լուրջ գործոն է։

Արցախի շուրջ վերջին զարգացումներին անդրադառնալիս նշենք ռուսական կողմի մեսիջները, որոնք ուղղված էին առաջին հերթին Հավաքական Արևմուտքին։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Իրավունք» թերթի հետ զրույցում շեշտեց, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա։

Նրա համոզմամբ՝ դա Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը, չնայած բոլոր կշտամբանքներին, իսկապես, կատարում է իր առջև դրված խնդիրները։

Կոպիրկինի խոսքով՝ Մոսկվային անհանգստացնում են տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու արտաքին ուժերի փորձերը։ ՚՚Եթե տարածաշրջանում գործենք դիմակայության տրամաբանությունից ելնելով, ապա կաղավաղվեն բուն նպատակներն ու աշխատանքի մեթոդները։

Իսկ դա լուրջ խնդիրներ կստեղծի իրական կարգավորման տեսանկյունից։ Վերջինս պետք է բխի տարածաշրջանի ժողովուրդների շահերից, այլ ոչ թե տարածաշրջանին խորթ աշխարհաքաղաքական նկրտումներով առաջնորդվող արտաքին ուժերի շահերից՚՚- ասել է դեսպանը։

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի խոսքն, ըստ էության, հասցեագրված է այն ուժերին, որոնք շահագրգռված են Արցախում միջազգային խաղաղապահ առաքելության տեղակայմամբ։ Նման կոչ օրերս հնչեց Նիդերլանդների խորհրդարանից՝ ԼՂ-ում պետք է լինի միջազգային նրգրավվածություն՝ խաղաղությունը պահպանելու և էթնիկ զտումները կանխելու համար։

Միջազգային հանրությունն էլ հիմք է ընդունում ՀՀ վարչապետի այն թեզը, որ անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման դեպքում Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ 

Մեջբերենք նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը։ ԱՄՆ-ի նպատակն է Ռուսաստանին դուրս թողնել Հայաստան- Ադրբեջան խաղաղ կարգավորման գործընթացից, ասել է նա ՚՚Ռոսիա-24՚՚ հեռուստաալիքի եթերում ու շեշտել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա երկու երկրների հարաբերությունների կարգավորման անայլընտրանքայնությունը։

ՀՀ վարչապետը հունիսի 10-ին Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Պուտինն ընդգծեց պարբերաբար հանդիպումներ անցկացնելու կարևորությունը, ինչը թույլ է տալիս խոսել երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Փաշինյանն անհրաժեշտ համարեց անդրադառնալ ռուսական խաղաղապահների

պատասխանատվության գոտում տիրող լարված հումանիտար իրավիճակին։ Մի քանի ամիս է, չկա գազ և էլեկտրաէներգիա, իսկ Լաչինի միջանցքում իրավիճակն անփոփոխ է։ Մթերքների մատակարարումները ԼՂ իրականացվում է ռուսական խաղաղապահների աջակցությամբ և դա արվում է բավականին սահմանափակ քանակությամբ։

Վաշինգտոնում հունիսի 12-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ հետաձգվեց։ Հայաստանի ԱԳՆ-ի խոսնակի փոխանցմամբ՝ հետաձգողն ադրբեջանական կողմն է։

Բաքուն դա չի հերքել, բայց հավաստիացրել է, որ հանդիպումը տեղի է ունենալու մոտ ժամկետներում, Վաշինգտոնում։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը շահերի համադրման նոր հնարավորություններ է փնտրում սեփական օրակարգն առաջ մղելու նպատակով։

Մյուս կողմից էլ՝ ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը՝ հընթացս ապատեղեկատվություն տարածելով այն մասին, թե իբր Պաշտպանության բանակն է կրակում իրենց դիրքերի ուղղությամբ։

Հունիսի 11-ին էլ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նույն օրը կեսօրին կրակ են բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Հրադադարի պարբերական խախտումները Բաքվից հնչող սպառնալիքների, ռազմատենչ հռետորաբանության և բացահայտ շանտաժի քաղաքականության տրամաբանական շարունակությունն են։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ