Իրանը կտրուկ դեմ է, որ ՀՀ-ի տարածքով որևէ միջանցքային ճանապարհ անցնի․ Անդրանիկ Հովհաննիսյան
13 Օգոստոսի 2024, 22:30
Իրանը կտրուկ դեմ է, որ ՀՀ-ի տարածքով անցնի որևէ ճանապարհ, որը կունենա միջանցքի տրամաբանություն։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։
«Իրանն այսօր շատ կարևոր դեր է խաղում տարածաշրջանում, ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, այնպես էլ ընդհանուր կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասով։ Այստեղ մենք հստակ կարող ենք ասել՝ Իրանի հյուպատոսի, մինչ դա նաև դեսպանի խոսքերը վկայում են այն մասին, որ Իրանը կտրուկ դեմ է՝ ՀՀ-ի տարածքով անցնի որևէ ճանապարհ, որը կունենա միջանցքի տրամաբանություն, ինչն առաջին հերթին ցանկանում են կյանքի կոչել Թուրքիան, Ադրբեջանը և նրանց սատարող որոշ ուժեր։ Եվ ըստ իս, վերջին խոսքերը վերաբերում են հենց այդ ուժերին։
Այդ ուժերից կարող է լինել, օրինակ, Մեծ Բրիտանիան։ Այն ևս հետաքրքրված է՝ կովկասյան տարածաշրջանում լինի միջանցք, որը նախ կկապի Թուրքիան Ադրբեջանի հետ, իսկ հետո ամբողջ թուրքական աշխարհը միմյանց հետ, ինչն էլ հետագայում կարող է օգտագործվել որպես գործոն ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի դեմ»,- նշեց Հովհաննիսյանը։
Միջազգայնագետի խոսքով՝ Ղազախստանում կամ Ղրղզստանում որևէ պաշտոնյա չի նշում, որ Հայաստանով պետք է միջանցք անցնի։
«Ո՛չ Ադրբեջանում, ո՛չ էլ Թուրքիայում Զանգեզուրի միջանցք տերմինը չի օգտագործվում, նրանք դա անվանում են թուրքական ճանապարհ, որն իրար է միացնելու ողջ թուրքական աշխարհը՝ սկսած Թուրքիայից, ընդհուպ մինչև Ղազախստան և Ղրղզստան։ Ղազախստանը, ինչպես Կենտրոնական Ասիայի այլ պետություններ, հետաքրքրված են, որ նոր ճանապարհներ կառուցվեն , և այսօր Կովկասյան տարածաշրջանը շատ կարևոր դեր է խաղում այդ ճանապարհների կառուցման գործընթացում։ Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում ՌԴ-Ուկրաինա հարաբերություններում, և ըստ էության, այս պահին Արևելյան Եվրոպայով անցնելը շատ դժվար է։
Նույնը հարավին է վերաբերում, քանի որ այնտեղ խնդիրները շատ են։ Սիրիայի մասին կարող ենք խոսել, նաև Իրաքի, Իրանի շուրջ կան սանկցիաների ռեժիմ, և միակ ճանապարհն այսօր Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա անցնում է Կովկասյան տարածաշրջանով, իսկ հիմնական ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով։ Պետք է նաև նշել՝ Ղազախստանում կամ Ղրղզստանում որևէ պաշտոնյա չի ասում, որ Հայաստանով պետք է միջանցք անցնի։ Այսինքն՝ այդ միջանցքային տրամաբանությունն այստեղ՝ Ղազախստանում, բացակայում է պաշտոնյաների մոտ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։