Հայերը, պահելով հայկական մշակույթը Սփյուռքում, չեն կորցնում կապը հայրենիքի հետ․ Մալվինա Մխչյան
Խաղողօրհնեքն իրականում ուղիղ կապ չունի կրոնի հետ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀԱԵ Հյուսիսային Հոլիվուդի շրջանի կանանց միության ատենապետ Մալվինա Մխչյանը։
«Իմ կարծիքով՝ խաղողօրհնեքն իրականում ուղիղ կապ չունի կրոնի հետ։ Ուղղակի զուգադիպել է Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի հետ։ Առաջին բերքն է եղել, և եկեղեցին խաղողի բերքն օրհնել է։ Շատերն այսօր այդ տոնին այցելում են եկեղեցի՝ այդ բերքն ու բարիքն օրհնելու ու իրենց տուն տանելու համար»,- նշեց Մխչյանը։
Նրա խոսքով՝ հայերը, Սփյուռքում հետևելով եկեղեցական տոներին, չեն կորցնում կապը հայրենիքի հետ։
«Հյուսիսային Հոլիվուդի հայ համայնքը շատ օգևորված է, քանի որ այնտեղ արդեն Հայ Առաքելական եկեղեցու կենտրոն կա։ Հայկական տոներին մեր եկեղեցում մարդաշատ է լինում։ Եվ քանի որ Մարիամ Աստվածածնի տոնն է, մեր բոլոր եկեղեցիները տոնում են խաղողօրհնեքը, մենք էլ որոշեցինք ևս նման բան կազմակերպել։ Որոշեցինք եկեղեցու պարտեզում կազմակերպել խաղողի օրհնություն։ Մասնավորապես, Տեր հայրը կօրհնի խաղողը, և մենք սիրով կբաժանենք այն մարդկանց, որոնք չեն կարողանանա եկեղեցի այցելել։ Մենք այս կերպ բոլորին, այդ թվում՝ամերիկյան համայնքին, ցույց կտանք, որ հայերը, հետևելով եկեղեցական տոներին, պահելով իրենց մշակույթը Սփյուռքում, չեն կորցնում կապը հայրենիքի հետ»,- եզրափակեց Մխչյանը։