Ինտերներտում կա քաղաքային հեռախոսահամարների տվյալների բազա, ինչը խաբեբաների ձեռքում է հայտնվել․ Պապյան

14 Օգոստոսի 2024, 22:53

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում մեդիափորձագետ Արթուր Պապյանը խոսել է անծանոթ հեռախոսահամարներից քաղաքացիներին արվող զանգերի մասին։

«Այս դեպքում՝ այդքան էլ կիբեռհանցագործներ չեն, պարզ խաբեբաներ են, որոնք օգտագործում են ձայնային տեխնոլոգիան: Այսինքն՝ մարդկանց ինչ-որ խայծ են տալիս, դա դասական ֆիշինգի մեթոդ է: Որևէ տեղից գտնում են մարդկանց մասին անձնական տվյալներ, իսկ դա բարդ չէ, քանի որ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության իրավիճակը կատաստրոֆիկ է: Կան հեռախոսային համարների,մարդկանց անձնական տվյալների բազմաթիվ արտահոսքեր:

Այնպես որ, հանցագործների, խաբեբաների համար բարդություն չի ներկայացնում ՀՀ քաղաքացիների մասին անձնական տվյալներ կորզելը»,- ասել է մեդիափորձագետը:

Պապյանը վստահ է՝ այդ խաբեբաների ձեռքն է ընկել ինտերնետում պտտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսահամարների տվյալների բազան:

«Ինտերներտում կա Հայաստանի քաղաքային հեռախոսահամարների տվյալների բազա, հավանաբար, հենց այս հանցախմբի ձեռքում են հայտնվել այդ տվյալները: Տեսնում են, թե ում անունով է գրանցված հեռախոսահամարը, իսկ գրեթե միշտ քաղաքային համարները տան մեծի անունով են գրանցված լինում, որովհետև դրանք մի քիչ հին տեխնոլոգիաներ են: Ժամանակին տանտերն էր գնում ու գրանցում այն:

Այնպես որ, զարմանալի չէ, որ ավելի շատ թիրախավորում են մեծահասակներին: Բացի այդ, Հայաստանում կա ընտրողների ռեգիստր, որի միջոցով կարելի է տեսնել, թե այդ հասցեով էլ ով կա գրանցված ու ազգականների, բարեկամների կապերը ստեղծել՝ տեսնելով ով ում հետ է ապրում ու հետո հորինել շատ ճշմարտանման պատմություն»,- նկատել է Արթուր Պապյանը:

Մեդիափորձագետը արտասահմանյան համարներից զանգերը բացատրել է որպես հետքերը հեշտ թաքցնելու միջոց:

«Զանգում են արտասահմանյան համարներից, որպեսզի հետքերը հեշտ լինի թաքցնելը: Մի բան է Հայաստանի ներքին ցանցից զանգելը, բնականաբար, հնարավոր կլինի նույնականացնել: Չունեմ բավական տվյալներ, որպեսզի հասկանամ՝ որտեղից են արվում զանգերը: Բայց նախկին նման հանցագործությունների դեպքերը ուսումնասիրել ենք, որ օգտագործել են տարբեր տիպի վիրտուալ հեռախոսահամարներ կամ համարներ տրամադրող վիրրտուալ քարտեր:

Կան նույնիսկ կոտրված սիմ քարտեր: Հեռախոսային տեխնոլոգիաներն իրենց բնույթով այնպիսին են, որ բավականին վատ են պաշտպանված: Կարող են այնպես անել, որ կեղծ անուն ու համար երևա:

Պատմությունը սկսվել է այն պահից, երբ Հայաստանում տեղի է ունեցել անձնական տվյալների արտահոսք ու դրա համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չի կրել, իսկ մեղավոր ընկերությունները ոչ ոքի չեն զանգել ու տեղեկացրել, որ հարգելի բաժանորդ, ձեր տվյալները ինտերներտում պտտվում են ու հավանաբար ինչ-որ պահի հանցագործները դա կարող են շահագործել»,- եզրափակել է Արթուր Պապյանը: