Եվա Գևորգյանը մեծ շրջագայության կմեկնի Ճապոնիա

17 Օգոստոսի 2024, 16:49

Մշակույթ

Երիտասարդ վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել և հայտնել, որ մեկնարկում է իր մեծ համերգային շրջագայությունը Ճապոնիայում։

Օգոստոսի 18-ից սեպտեմբերի 8-ը 20-ամյա դաշնակահարուհին կունենա 10 համերգ Ճապոնիայի տարբեր քաղաքներում։ Երկու համերգը կլինի Յոմիուրիի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

20-ամյա դաշնակահարուհին նվագել է աշխարհի բազմաթիվ ճանաչված նվագախմբերի հետ և մասնակցել մի քանի երաժշտական փառատոների։ Եվան ելույթներ է ունեցել այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Վլադիմիր Սպիվակովը, Վասիլի Պետրենկոն և շատ ուրիշներ։ Եվա Գևորգյանը Վարշավայում կայացած Շոպենի միջազգային XVIII-րդ մրցույթի եզրափակչի ամենաերիտասարդ մասնակիցն էր։

Եվա Գևորգյանը 2019 թվականին էլ արժանացել է «ICMA Discovery Award»-ի դափնեկրի կոչման։ Ընդհանուր առմամբ, նա մրցանակների է արժանացել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում դաշնամուրային ավելի քան քառասուն միջազգային մրցույթներում: