Ի՞նչ գրքեր են նախընտրում կարդալ Ստեփանակերտում

13 Հունիսի 2023, 11:10

Կրթություն

Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանից ստացվել է  2023թ. մայիսին ընթերցված գեղարվեստական գրքերի թոփ տասնյակը:

Հայաստանի ազգային գրադարանում հույս ունեն, որ  հունիսին արցախյան ավելի շատ գրադարաններ կընդգրկվեն ցանկում՝ հնարավորություն տալով քարտեզում նշելու Արցախում տվյալ ամսվա ամենապահանջված գիրքը:

Ստեփանակերտի տասնյակը շատ զուգահեռներ ունի հայաստանյան գրադարանների տասնյակների հետ: Նույն հեղինակներն են, նույն գրքերը, նույն ցավերն ու երազները:

Ստեփանակերտում մայիսին ամենաշատն ընթերցել են Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքը, որում հեղինակը հանրահայտ ու հաջողակ մարդկանց օրինակով ցույց է տալիս, թե ինչպես հասնել ձգտումներին ու նպատակներին՝ չկրկնելով այլոց սխալներն ու բացթողումները:

Ամենաընթերցված գրքերից է նաև Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» գողտրիկ վեպը, որն, ի դեպ, վերջերս հանրապետությունով մեկ ընթերցվեց երևանյան ամենամյա ընթերցանության մարաթոնի ժամանակ: 

Մեծ պահանջարկ վայելող գրքերի եռյակը եզրափակում է ամերիկահայ գրող, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Աստվածատուրյան Թերքոթի առաջին՝ «Արտաքսում դեպի անհայտություն» վեպը: «Արտաքսում դեպի անհայտություն»-ն առաջին անգլերեն գիրքն է, որն առաջին դեմքով՝ ականատեսի աչքով պատմում է քսաներորդ դարավերջին Ադրբեջանում հակահայկականության, Բաքվի ջարդերի մասին։ Լույս տեսնելուց տասը տարի անց՝  2022-ին, գիրքը թարգմանվել է հայերեն: 

Ստեփանակերտյան ամենաշատ ընթերցված գրքերի տասնյակում են նաև հայ հեղինակներ Գոհար Նավասարդյանի «Սիրելուց հետո», Արմեն Նիազյանի «Խավարից այն կողմ» վիպակները և Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ Ձոն Վարդին» ժողովածուն: 

Համաշխարհային գրականության նմուշներից ցանկում ընդգրկված են Մարիո Պյուզոյի «Կնքահայրը», Էրիխ Մարիա Ռեմարկի «Վերադարձ», Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» և Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» հանրահայտ վեպերը:  

Հիմա եթերում