Ռուս-հայկական հարաբերությունների կարգավորման շանս կա. Ալեքսեյ Անպիլոգով
23 Օգոստոսի 2024, 21:34
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-իհետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին։
Փորձագետի խոսքով՝ չնայած այս բոլոր բացասական միտումներին, ռուս-հայկական հարաբերությունների կարգավորման շանս կա։
«Կարծում եմ, որ ռուս-հայկական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը դեռևս պետք չէ դուրս գրել, չնայած այս բոլոր բացասական միտումներին, որոնք ակնհայտորեն երևում են և՛ հայտարարություններում, և՛ գործողություններում։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ այն միջնորդությունը խաղաղ գործընթացում, որն իսկապես կարող է առաջարկել Ռուսաստանի Դաշնությունը, հաշվի կառնի երկու կողմերի առավելագույն շահերը և դա կանի երկարաժամկետ կտրվածքով։
Հիմա, ինչպես գիտենք, Ռուսաստանն, օրինակ, առաջարկել է իր օգնությունը սահմանների սահմանազատման հարցում՝ որպես արբիտրաժային գործոն, որն իրականում ունի, ես ինքս գիտեմ, ԳՇ քարտեզներ, որտեղ ամեն դաշտում կարելի է տեսնել, թե ինչպես էր սահմանն անցնում խորհրդային տարիներին:
Իսկ դա որոշակի զսպող գործոն կլինի հատկապես ադրբեջանական կողմի համար, որն այժմ հաճախ պնդում է սահմանները միակողմանի վերանայել, որպեսզի հաշվի առնվի միայն Բաքվի կարծիքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ապագա սահմանի սահմանազատման հարցում։ Դե, մի ամբողջ շարք այլ կետեր, որտեղ Ռուսաստանի Դաշնության օգնությունն իսկապես կարող է լինել պարզապես անգնահատելի և եզակի: Մի բան, որը ոչ Եվրամիությունը, ոչ ԱՄՆ-ը չեն կարող առաջարկել պարզապես այն պատճառով, որ այդ երկրները երբեք ներգրավված չեն եղել Անդրկովկասյան քաղաքականության մեջ»,- ասել է Անպիլոգովը։
Ըստ փորձագետի՝ Փաշինյանը պետք է պաշտպանի Հայաստանի շահերը, այլ ոչ թե իր անձնական որոշ դիրքորոշումները։
«Կարծում եմ՝ ոչ հրապարակային դիվանագիտությունը, որն, ըստ ամենայնի, եղել է նաև ՌԴ նախագահի Ադրբեջան այցի օրակարգում, ծառայում է վստահության գործոնին,և այժմ անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացը երկու կողմերի միջև, եթե իսկապես և Ադրբեջանը, և Հայաստանը ձգտում են տևական խաղաղության։
Եվ ահա միջնորդ գոչծիչը, որը կարող է փոխանցել պաշտոնական բանակցություններում չհնչող դիրքորոշումները, շատ կարևոր է։ Եվ ես հույս ունեմ, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, կգնա այն բանին, որպեսզի պաշտպանի հենց Հայաստանի շահերը, այլ ոչ թե իր անձնական ինչ-որ դիրքորոշումները որպես քաղաքական գործիչ և կընդունի այն, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը միշտ կապի ուղիներ կունենա ադրբեջանական կողմի հետ, որոնք սկզբունքորեն չի կարող ունենալ Հայաստանը։
Իսկ դիվանագիտության սկզբունքն այն է, որ դու պետք է զրուցես բոլորի հետ։ Եվ եթե դուք ասում եք, որ որևէ մեկի հետ դիվանագիտական աշխատանք չեք տանի, ապա անմիջապես սահմանափակում եք ձեր մանևրելու տարածքը, որը պարզապես կարող է վերածվել ոչ մի տեղ տանող աղետալի ճանապարհի»,- եզրափակել է Անպիլոգովը։