Ազնավուրի 100-ամյակին նվիրված երեկո՝ շվեյցարական Puplinge Classique-ում
26 Օգոստոսի 2024, 10:13
2024 թվականի սեպտեմբերի 1-ին Ժնեւում Puplinge Classique փառատոնը կնշի իր 15-ամյակը: Այն կեզրափակվի մեծ Գալա համերգով Victoria Hall համերգասրահում: Այս բացառիկ իրադարձությունը կմիավորի միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներին, արվեստագետներին և հեղինակավոր նվագախմբերին՝ արտացոլելով այն երաժշտական բազմազանությունն ու գերազանցությունը, որոնցով հայտնի է փառատոնը:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Շվեյցարիայի ֆրանսիական երիտասարդական նվագախումբը հանդես կգան դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ:
Այս համագործակցությունը խոստանում է տարբեր խորհրդանշական ստեղծագործությունների նուրբ մեկնաբանություններ՝ առաջարկելով գեղեցիկ և զգայուն երաժշտական փորձառություն բարձրաճաշակ ունկնդրի համար:
2024-ը հատկանշական է, քանի որ ողջ ֆրանկոֆոն աշխարհը տոնում է մեծն Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Puplinge Classique-ի 15-ամյակի այս տոնակատարությունը մարմնավորում է փառատոնի շարունակականությունը՝ խթանելու դասական երաժշտությունն իր ողջ բազմազանությամբ և հարստությամբ:
Այս փառատոնի շրջանակներում առաջին «Հայկական երեկոն» տեղի է ունեցել 2013 թվականին, երբ ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց այս համագործակցության հիմքը դրած փառատոնի հայկական համերգաշարի համակարգող Անի Գասպարյանը, 2013-ից մինչեւ 2017 թթ Հայաստանի պետական կամերային նվագախումբը շարունակել է ելույթներ ունենալ տարբեր միջազգային ճանաչում ունեցող հայ և շվեյցարացի մենակատարների մասնակցությամբ, այդ թվում՝ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանի։
Այնուհետեւ ելույթներ են ունեցել հայկական տրիոներ, քառյակներ, ազգային եւ դասական գործիքներով մենակատարներ, ինչպես օրինակ հիշատակման է արժանի քանոնահար Նարեկ Գազազյանի եւ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի մասնակցությամբ ելույթները։ Ի դեպ նրանց համագործակցության սկիզբը դրվել է այս փառատոնում՝ 2018 թվականին։