Ստամբուլյան կոնվենցիան հակասում Է Հայաստանի Սահմանադրությանը. Արա Զոհրաբյան
13 Հունիսի 2023, 19:40
Ստամբուլյան անունը ստացած «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2018 թ. հունվարի 18-ին, բայց մինչ այժմ չի վավերացվել:
Հայաստանը կոնվենցիան վավերացնելու փորձ արեց 2019 թ., բայց դժգոհության մեծ ալիքի պատճառով այդ գործընթացը հաջողություն չունեցավ: Կոնվենցիայի վավերացմանը դեմ քաղաքացիները բողոքի ակցիաներ, ստորագրահավաքներ էին կազմակերպել: Հիմնական մտահոգությունն այն էր, որ կոնվենցիան վավերացնելով միասեռականներին հնարավորություն կտրվի ամուսնանալ եւ ընտանիք կազմել:
Արա Զոհրաբյան, «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» նախաձեռնության համակարգող, փաստաբան.
«Ստամբուլյան կոնվենցիան ընտանիքի կարգավիճակին է հավասարեցրել զուգընկերներին, որոնց մեջ կարող են լինել ոչ միայն տղամարդ-կին զույգը, այլեւ տղամարդ-տղամարդ, կին եւ կին զույգը:
Կոնվենցիայի տեքստում առաջին հայացքից նման բան չի զգացվում, բայց բացատրական զեկույցից պարզ է դառնում, որ լեսբիներին, գեյերին պաշտպանություն են տալիս»:
Արա Զոհրաբյանը կարծում է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում Է Հայաստանի Սահմանադրությանը: Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ վերապահումներ էր հայտնել նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին՝ հորդորելով չվավերացնել այն:
Կոնվենցիայի վավերացման մասին դրական է արձագանքել Մարդու իրավունքների պաշտպանը: ԵԽ անդամ ոչ բոլոր պետություններն են վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան:
Թուրքիան, որն առաջինն էր վավերացրել այդ կոնվենցիան, տարիներ անց հետ է կանչել իր ստորագրությունը: Ռուսաստանն ու Ադրբեջանը նույնիսկ չեն ստորագրել կոնվենցիան, իսկ Բուլղարիան այն հակասահմանադրական է ճանաչվել: