Սա միջամտություն է այլ պետության ինքնիշխանությանը. Ալեքսանդր Տոլմաչովը՝ Ադրբեջանի հայտարարության մասին

03 Սեպտեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Իրավաբան Ալեքսանդր Տոլմաչովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ միջազգային հանրության կողմից պետք է սահմանափակումներ կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։

«Երբ որևէ կողմ մյուս կողմի նկատմամբ, մասնավորապես՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի, փորձում է դիմել միջազգային հանրությանն ու խոսել այն մասին, որ պետք է սահմանափակել սպառազինությունների և զինված ուժերի քանակը, ապա հասկանալի է, որ դա կոչվում է միջամտություն այլ պետության ինքնիշխանությանը։ Երբ, օրինակ, փորձում են համեմատել ճապոնական բանակի հետ՝ ասելով, որ իրենք բանակ չունեն, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում սահմանափակվել են ինքնապաշտպանությամբ, այնպես, ինչպես Գերմանիայում, ապա այստեղ պետք չէ շփոթել, քանի որ այնտեղ դաշնակիցների միջազգային կոալիցիան հաղթող էր, ուստի նրանք թելադրում էին խաղաղության պայմանագրի պայմանները նույն Ճապոնիայի հետ», — ասել է Տոլմաչովը։

Այստեղ, ըստ նրա, խոսքն այն մասին է, որ եթե Ադրբեջանն ինչ-որ բանից վախենում է, ապա նա լիարժեք իրավունք ունի, որպես ինքնիշխան պետություն, զարգացնել իր զինված ուժերը, զորահավաք իրականացնել և այլն։

«Նույնը կարող է անել Հայաստանը։ Հիմա, եթե Հայաստանը լիներ ագրեսոր երկիր, որին հաղթել են, պարտադրել խաղաղություն և ստիպել խաղաղության պայմանագրում դա ամրագրել, ապա այդ ժամանակ դա կարելի էր ամրագրել։ Բայց այսօր ցանկացած փորձ՝ ասելու, որ Հայաստանը պետք է նվազեցնի իր զինված ուժերը, Հայաստանի հետ ոչ մի կապ չունի։ Հայաստանի օրենքներն այսօր թույլ են տալիս ունենալ այսպիսի բանակ, իսկ վաղը կարող է լինել այլ բանակ։ Այդ ամենը կախված է խորհրդարանից, հայկական իշխանության ցանկությունից և այս կամ այն բանակը պահելու բյուջեի կարողությունից», — եզրափակել է Տոլմաչովը։