Կարծում եմ՝ միջպետական սահմանի վերահսկողությունը կվստահվի արևմտյան կազմակերպություններին․ Սերգեյ Մելքոնյան
05 Սեպտեմբերի 2024, 22:30
ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը օրերս նշել է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը կարող է հանձնվել մասնավոր պահնորդական ընկերության։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է պ․գ․թ․, «ԱՊՐԻ Արմենիա» ինստիտուտի գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի հետ։
«Ինչքանով բոլորս տեղյակ ենք խոսքը գնում է հետևյալի մասին։ Առաջին հերթին բանակցությունները չեն ներառում բոլոր կոմունիկացիաները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի համար գերկարևոր նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքը, ցամաքային կապը օկուպացված Արցախի և Նախիջևանի միջև, սա օրակարգի առաջին հարցն է։ Հիմա հաշվի առնելով, որ Հայաստանը պաշտոնապես մերժում է Զանգեզուրի միջանցքի օրակարգը, և այս դիրքորոշմանն աջակցում է Իրանը՝ ամեն շաբաթ նշելով, որ սահմանների վերափոխումը, վերանայումը տարածաշրջանում կարմիր գիծ է Իրանի համար, փորձում են գտնել նոր ֆորմուլա։ Հիմա քննարկվում է այն տրամադրել մասնավոր միջազգային կազմակերպության։ Սա նշանակում է՝ առնվազն անվտանգության ոլորտում, որը մեզ համար ամենակարևորն է, մնում է Հայաստանի վերահսկողությունից դուրս, հետևաբար, սա նշանակում է, որ այս բաղադրիչով կարող ենք կոմունիկացիան անվանել միջանցք»,- նշել է Մելքոնյանը։
Ըստ միջազգայնագետի՝ միջպետական սահմանի վերահսկողությունը կվստահվի արևմտյան կազմակերպություններին։
«Ես մինչ օրս չեմ հանդիպել նման դեպքի, երբ միջպետական սահմանի անվտանգությունը ստանձնի ինչ-որ միջազգային մասնավոր կազմակերպություն։ Գուցե նման դեպքեր լինեն, բայց դժվար այն իրավիճակում լինեն, որում մենք ենք, երբ Ադրբեջանը որոշել է օկուպացնել ոչ միայն Սյունիքի հարավը, այլ ընդհանուր Հայաստանի տարածքը մաս-մաս։ Այդ առումով անվտանգությունը վստահելով այլ ուժի, որը չգիտես, եթե չկատարի իր պարտականություններն ինչ հետևանքներ կլինեն։ Ուստի պետք է նշել, որ, մեղմ ասած, սա ամենալավ որոշումը չէ ՀՀ-ի համար։
Ըստ իս՝ այդ առաքելությունը կվստահվի արևմտյան կազմակերպություններին, օրենքով ինչ-որ կարգավիճակ կստանա ՀՀ-ում, իսկ ողջ Հայաստանին կներկայացնեն, որ սա որևէ պետության հետ կապ չունի, անկախ է»,- եզրափակել է Մելքոնյանը։