Ջեք Հաճընյանը սկսում է քարոզարշավը Մոնթեբելոյի քաղաքային խորհրդի համար

07 Սեպտեմբերի 2024, 22:49

Քաղաքականություն

Օգոստոսի 28-ին պաշտոնապես մեկնարկել է Ջեք Հաճընյանի՝ Մոնթեբելոյի քաղաքային խորհրդի անդամի քարոզարշավը։

Հաճընյանը 9 տարի պաշտոնավարել է քաղաքապետարանում: Նա նախկինում երկու անգամ՝ 2015 և 2019 թվականներին, զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը: Իր կառավարման տարիներին իրականացրել է մի շարք կարևոր սոցիալական ծրագրեր և մոտ 1 միլիարդ դոլարի շինարարական աշխատանքներ, ակտիվ համագործակցել է իրավապահ մարմինների հետ, և վստահ է, որ իր կուտակած փորձն անհրաժեշտ է ներկայումս դժվար ժամանակներ ապրող քաղաքին։

2020 թ-ին Հաճընյանի հրաժարականից հետո վերջին չորս տարիներին Մոնթեբելլոյի քաղաքը հասցրել է դառնալ շատ անկայուն՝ հայտնվելով մի քանի դատական գործընթացների մեջ և ենթարկվելով Պետական վերահսկողության գրասենյակի կողմից աուդիտի: Նա ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար անդրադառնում է Մոնթեբելոյում հաճախակի դարձած հանցագործություններին, որ ակնայտ ավելացել են վերջին չորս տարիների ընթացքում:

Օրինակ, օգոստոսի 8-ի ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է փոքր և միջին բիզնեսի նկատմամբ գիշերային հարձակումներին։

«Սա Մոնթեբելոն է այսօր։ Երեկ երեկոյան Whittier & Montebello Blvd-ում երեք ձեռնարկություններ հարձակման են ենթարկվել: Շատ տխուր է, երբ քաղաքապետարանի ներկայիս ղեկավարությունը չի աջակցում իրավապահներին: Մենք ավելի լավին ենք արժանի»,- գրել է նա:

Հաճընյանը ներկայումս ծառայում է որպես Լոս Անջելեսի շրջանային հանձնակատար թմրանյութերի և ալկոհոլի հանձնաժողովի գծով, նշանակված է տեսուչ, որը ներկայացնում է 1-ին շրջանը: Նա նաև Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Առաջնորդարանի Գործադիր խորհրդի անդամ է: