Ռաֆայել Քոթանջյանի տարելիցին Քաղաքային պանթեոնում բացվեց արտիստի հուշարձանը

14 Հունիսի 2023, 17:40

Մշակույթ

ՀԽՍՀ վաստակավոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցին՝ հունիսի 13-ին, Քաղաքային պանթեոնում, որտեղ հուղարկավորված է դերասանը, բացվեց նրա հուշարձանը։

Արարողությանը ներկա էին Քոթանջյանի հարազատները, մտերիմները, բեմընկերները։

Քոթանջյանի որդին՝ Մայքլ Քոթանջյանը, լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ հոր բացակայությունը հնարավոր չէ լցնել:

«Նա շատ մեծ էներգիա ուներ: Եթե անգամ սենյակում լուռ նստած էր, այդ սենյակում շատ դրական էներգիա կար, և այդ էներգիան պակասեց մեր քաղաքից: Երբ փողոցով քայլում եմ, ինձ են մոտենում մարդիկ և ասում, որ սիրել են հորս այս կամ այն դերը:

Ռաֆայել Քոթանջյանի կյանքում եղել են կարևոր ու առեղծվածային դերեր, նրա թարգմանությամբ ֆիլմեր, որոնք ինչ-ինչ պատճառներով ջնջվել են, սակայն մարդկանց հիշողություններում պահպանվել են: Ավաղ, հայ կինոյում նա փոքր դերեր խաղաց, բացառությամբ մի քանիսի: Նա ավելի շատ նկարահանվում էր Մոսկվայում, Ուկրաինայում և այլ երկրներում, և նրան բաց չէին թողնում:

Մութ ու ցուրտ տարիներն էին ու հենց այդ շրջանում հայրս արտերկրում մոտավորապես 25-ից 30 ֆիլմում նկարահանվեց»,-պատմեց Մայքլ Քոթանջյանն ու հավելեց՝ հատկապես վերջին տարիներին Ռաֆայել Քոթանջյանը հաճախ է կրկնել.

«Ասենք լավ, որ լավ լինի»:

Հիմա եթերում