Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում անհրաժեշտ է հստակ տարանջատել քաղաքականությունն ու տնտեսությունը. Դենիս Դենիսով

14 Սեպտեմբերի 2024, 10:16

Քաղաքականություն

Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ին մեկնաբանել է Թուրքիայի նախագահի՝ Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու անհրաժեշտության և ռուս-իրանական հարաբերությունների մասին հայտարարությունները։

«Թուրքիան այս դիրքորոշումն ունի արդեն 10 տարի, և սա առաջին դեպքը չէ, երբ Էրդողանը ասում է, որ Թուրքիան Ղրիմը համարում է Ուկրաինա։ Եվ ցանկացած կասկած փարատելու համար պարզապես կարելի է դիտարկել Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության տնտեսական հարաբերությունների դինամիկան։ Սա Թուրքիայի քաղաքական դիրքորոշումն է։ Եվ այս առումով, դա մի կողմից ուղղված է Ռուսաստանի դեմ, բայց մյուս կողմից՝ Էրդողանի նման հայտարարությունները միանգամայն կանխատեսելի են՝ ելնելով Թուրքիայի ազգային շահերից։ Եվ այս առումով մենք պետք է հստակ տարանջատենք քաղաքականությունը, տնտեսությունը և քաղաքակրթական ուղենիշները»,- նշել է Դենիսովը։

Ինչ վերաբերում է է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իրանցի պատգամավորների քննադատությանը, փորձագետը նշել է, որ ավելի արդյունավետ է պարզապես չնկատել նման հարձակումները։

«Իրանն ունի իր աշխարհաքաղաքական շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում և իր տեսլականն այն մասին, թե ինչպես պետք է ընթանան գործընթացներն այս տարածաշրջանում։ Եվ այս առումով կարելի է կամ կենտրոնանալ նման քննադատության վրա, կամ պարզապես չնկատել։ Ինձ թվում է, որ ներկա պայմաններում շատ ավելի արդյունավետ է պարզապես չնկատել նման հարձակումները, առավել ևս, որ ռուս-իրանական հարաբերություններն այս պահին զարգացում են ապրում։

Հաճախ տարաձայնություններ են լինում, բայց դա այն պատճառով է, որ երկու տարածաշրջանային առաջնորդների շահերը միշտ չէ, որ համընկնում են, իսկ Հարավային Կովկասի գոտին մի շարք խոշոր տարածաշրջանային պետությունների շահերի կիզակետն է, ուստի այժմ ավելի լավ է պարզապես կարգավորել այդ հարցը դիվանագիտական ուղիներով և չհրապարակել այն»,- ասել է Դենիսովը։