Թողնել մարդուն իր թշնամու կողմից տրամադրվելիք հումանիտար օգնության հույսին՝ աբսուրդ է. Արցախի ՄԻՊ
20 Հուլիսի 2023, 19:05
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է լիակատար շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված աղետալի վիճակին:
«Հունիսի 15-ից հետո մի քանի անգամ Կարմիր խաչի միջոցով դեղորայք է ներկրվել Արցախ, բայց նախորդ ուրբաթ օրվանից այլեւս չի մատակարարվում, չի իրականացվում նաեւ բուժառուների տեղափոխություն: Այս աղետալի իրավիճակն ազդել է մարդկանց կենսագործունեության բոլոր ոլորտների վրա: Հացի փռերի, կաթնամթերքի արտադրամասերի առաջ անընդհատ հերթեր են գոյանում, որովհետեւ վառելիք չկա, որ դրանք մատակարարվեն խանութներին: Շուկայում վաճառվում է տեղական արտադրության շատ քիչ քանակության բանջարեղեն, միրգ, որակը՝ ցածր, բայց գները՝ բարձր: Խանութներն ամբողջությամբ դատարկված են, դեղատներում նույն պատկերն է»,- ասել է ՄԻՊ-ը:
Գեղամ Ստեփանյանը, թեպետ, կարեւորել է Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցչությունների դիմաց կազմակերպվող ակցիաները, միեւնույն ժամանակ, ընդգծել է, որ այդ գործողությունները բավարար չեն:
«Հասարակական արձագանքն անհամաչափ է, հազարավոր մարդիկ պետք է լինեին դեսպանատների դիմաց՝ պահանջով, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ուժեղ ճնշում գործադրվի, որ գոնե հումանիտար հարցերը հապշտապ կարգավորվեն: Նույնը նաեւ Սփյուռքում պետք է լիներ: Առիթից օգտվելով` խնդրում եմ, որ ինքնաբուխ հավաքներ կազմակերպեն իրենց կառավարությունների առաջ, ակտիվ լինեն սոցիալական ցանցերում ու ճնշում գործադրեն միջազգային տարբեր պաշտոնյաների վրա, որովհետեւ մենք պետք է թեքենք անիվն ու հասնենք նրան, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն ստանձնի ցեղասպանության սպառնալիքի տակ գտնվող 120 000 արցախցիների կյանքի իրավունքի համար:
Ես գիտեմ, որ հայաստանյան հանրության մեջ պառակտվածությունը մեծ է, բոլորս ենք դրանում մեղավոր, բայց ուզում եմ, որ գոնե այս հարցում համախմբվածություն լինի, որ ցեղասպանություն չկատարվի 120 000 հայի նկատմամբ: Ակնկալում ենք, որ Հայաստանում կբարձրանա այդ ալիքը՝ ի պաշտպանություն Արցախի ու այստեղ ապրող մարդկանց»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:
Պաշտոնյան արձագանքել է նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որում նա կարեւորել էր Ադրբեջանի պատրաստակամությունը` Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովել Արցախ:
Գեղամ Ստեփանյանն ընդգծել է, որ Արցախի համար անընդունելի է Ադրբեջանի այդ առաջարկն ու Արցախը թույլ չի տա, որ համարժեքներ ստեղծվեն Լաչինի միջանցքին, որը Արցախի կյանքի ճանապարհն է:
«Թողնել մարդուն իր թշնամու կողմից տրամադրվելիք հումանիտար օգնության հույսին՝ աբսուրդ է: Վստահ եմ, որ Շառլ Միշելն ու Տոյվո Կլաարը այդ հայտարարությունն անելիս հասկանում էին դրա անիմաստ լինելը, բայց ինչպես նախկինում, այս անգամ էլ, մտածել են, որ ապահովում են երկկողմանիություն: Մեզ համար անընդունելի է ցանկացած նման քննարկում: Մենք թույլ չենք տա, որ Ակնայից դեպի Ստեփանակերտ հումանիտար աջակցությամբ մեքենա անցնի: Լաչինի միջանցքը հատուկ կարգավիճակ ունի, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը փորձում է առոչինչ դարձնել այդ կարգավիճակը, որը մենք պետք է թույլ չտանք եւ այդ միջնորդական ջանքեր ներդնող կողմերին հասկացնենք, որ թույլ չենք տալու համարժեքներ ստեղծվեն Լաչինի միջանցքին, որը Արցախի կյանքի ճանապարհն է»,- եզրափակել է արցախցի պաշտոնյան:
Հիշեցնենք՝ արցախցիները հուլիսի 14-ից համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Արցախցիներն իրենց պահանջներն են ներկայացրել Կարմիր խաչի արցախյան գրասենյակին եւ ռուս խաղաղապահներին:
Ադրբեջանը խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:
Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: