«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն այլ նշանակություն չունի, քան քարոզչությունն ու հանգստացնելը. Անդրեյ Նիկուլին

30 Հոկտեմբերի 2023, 22:30

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Անդրեյ Նիկուլինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Փորձագետի կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն անիմաստ է ստեղծված իրավիճակում։

«Այս նախագիծն այժմ անիմաստ է, թեկուզ միայն այն պատճառով, որ դրա իրականացման համար անհրաժեշտ կլինի ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ, և այն աստիճան, որ նրանք համաձայնեն իրենց տրանսպորտային ուղիներն անցկացնել Հայաստանի տարածքով։ Տեսականորեն, ինչ-որ հրաշալի ապագայում, գուցե դա իրականություն դառնա, բայց իրականում, հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված հակամարտությունների իրավիճակը, այս գաղափարն անիմաստ է։

Սկզբից պարոն Փաշինյանը պետք է համաձայնության գա Ալիեւի ու Էրդողանի հետ, դուրս գա նրանց հետ ու հայտարարի բոլոր խնդիրների լուծման մասին։ Եվ այդ ժամանակ, կարող է հնարավոր դառնալ ինչ-որ լոգիստիկ զարկերակ Հայաստանով, բայց առայժմ դա դատարկ խոսակցություն է»,- նշել է Նիկուլինը։

Հայաստանից նման հայտարարությունները, ըստ քաղաքագետի, արվում են դրական օրակարգ փոխանցելու համար։

«Նման խոսակցությունները տարվում են, քանի որ պետք է ինչ-որ կերպ ակնարկել, գուցե տխրահռչակ Ադրբեջանին և Թուրքիային, նրանց հետ համաձայնության գալու պատրաստակամության մասին՝ այս կերպ Բաքվի ճնշումը փոխհատուցելու համար։ Այլ հարց է, որ պարոն Ալիևին այժմ պահում է խաղաղության և պատերազմի բանալիները, և նրա ձեռքում է հարցի պատասխանը` խաղաղ պայմանագիր կլինի, թե ոչ, և ինչ պայմաններով։ Հայաստանը, ցավոք, այժմ միայն պասիվ կողմն է։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն այս համատեքստում, ստեղծված իրավիճակից ելնելով, այլ նշանակություն չունի, քան քարոզչությունն ու հանգստացումը։ Որովհետև նրա խնդիրները լուծելու համար նախ պետք է համաձայնության գալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- եզրափակել է Նիկուլինը։