ԱԱԾ-ն պետք է ձերբակալի Փաշինյանին սահմանադրական կարգը տապալելու համար. Իշխան Սաղաթելյան

25 Հունիսի 2025, 16:12

Բոլոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը ձերբակալվել է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Կարծում եմ՝ կալանքի միջնորդություն են պատրաստում: Ընդհանուր առմամբ14 ձերբակալված կա Սրբազան պայքարի կողմնակիցներից, ՀՅԴ-ից և այլ ընդդիմադիրներից»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն առավոտյան հայտնել էր, որ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում ապօրինի խուզարկություններ են իրականացվում:

Ընդդիմադիրների նկատմամբ իրավապահների այս գործողությունները Իշխան Սաղաթելյանը գնահատում է ապօրինի:

«Կեղծ մեղադրանքներ են, իրենք հորինել են, իրենք մեծ շոու են սարքում, սա ծրագիր է իրենց իշխանությունը պահելու, մեկ կուսակցության կամ անձի բռնապետություն հաստատելու, մարդկանց ճնշելու, վախեցնելու համար, սա ապօրինի գործընթաց է, որը չեն մարսելու: Չի կարելի էս ծավալի մարդկանց կեղծ մեղադրանքով, սարքած պլանով ու ձայնագրություններով փորձել ինչ-որ բան անել: Իրենք հեղաշրջման պլան են մշակել, իրենք հրապարակել են, հետո իրենք էլ ձերբակալում են, սրան պետք չի լուրջ վերաբերվել այն իմաստով, որ հող են նախապատարստել այս ձերբակալությունների համար:

Ըստ էության երկրի սահմանադրական կարգը տապալվել է իրենց կողմից, իսկ եթե ԱԱԾ-ն հետաքրքրված է մեր երկրի անվտանգությամբ, ապա անհապաղ պետք է ձերբակալի Նիկոլ Փաշինյանին սահմանադրական կարգը տապալելու ու մնացած ապօրինությունների համար: Սա քաղաքական բեսպրիդել է երկրում բոլոր ընդդիմադիր օջախները ոչնչացնելու ուղղությամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն այսօր խուզարկություն է իրականացրել նաև Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տանը, ապա բերման ենթարկել նրան: Փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասել է, որ Սրբազանին կալանավորելու միջորդություն կներկայացվի դատարան։

Քննչական կոմիտեն քիչ առաջ հայտնել է, որ «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, ՔԿ քննիչների, ԱԱԾ և ՆԳ ոստիկանության աշխատակիցները 90-ից ավելի խուզարկություններ են արել, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն:

Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ: