Աբստրակցիոնիստ-նկարիչ Ռուբեն Ապրեսյանը Մոսկվայի «Տապան» թանգարանում ներկայացրել է իր կտավները
24 Հոկտեմբերի 2023, 13:30
Մոսկվայաբնակ աբստրակցիոնիստ-նկարիչ Ռուբեն Ապրեսյանը «Տապան» թանգարանում ներկայացրել է իր կտավները: Նկարիչը գեղանկարչությամբ զբաղվում է 1980 թվականից։
Ապրեսյանի գործունեությունը սերտորեն կապված է Հայաստանի հետ, չնայած նրան, որ նկարիչը ծնվել է Մոսկվայում։ Նրա գործերը լցված են Հայաստանի բնության, ճարտարապետության և հնագույն մշակույթի տպավորություններով:
Ցուցահանդեսի բացման օրը համընկել է նկարչի ծննդյան օրվա հետ։ Նման կարևոր օրը Ռուբենն անձամբ շնորհավորանքներ է ստացել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանից:
Թանգարանի սպիտակ սրահում հավաքվել էին նկարիչներ, քանդակագործներ և այլ արվեստագետներ:
Alpha News-ի հետ զրույցում նկարիչը ասել է, որ իր աշխատանքները մեդիտացիոն է համարում, քանի որ դրանց կարելի է երկար հետեւել:
«Հայաստան» և «Խաչով կոմպոզիցիա թիվ 3» աշխատանքները նկարիչը նվիրել է «Տապան» թանգարանին: Թանգարանում ներկայացված են նաև Ռուբեն Ապրեսյանի հոր՝ Լեոնիդ Ապրեսյանի երկու քանդակները: