Աբխազիայի նախագահի հրամանագրով հայ համայնքի ուսուցիչներին պատվավոր կոչումներ են շնորհվել

11 Նոյեմբերի 2023, 09:35

Կրթություն

Աբխազիայի Գագրայի շրջանի Ալախաձի գյուղում տեղի է ունեցել Հայկական մշակույթի և կենսակերպի «Համշեն» փառատոնը: Փառատոնի մասնակիցներին ողջունել է հանրապետության նախագահ Ասլան Բժանիան:

«Աբխազիայի հայ համայնքը Աբխազիայի զարգացման գործում ունեցած ավանդի երկարատև և բովանդակալից պատմություն ունի։ Խորհրդային տարիներին մեր երկրի տարածքում բացվել են տասնյակ գյուղական և քաղաքային հայկական դպրոցներ։ Դա բնակչության աճի և մշակույթի զարգացման արտացոլումն էր։

Ներկայումս Աբխազիայում հայկական դպրոցները պահպանում են իրենց անկախությունը, գործում և իրենց ներդրումն են ունենում մեր երկրի լեզվամշակութային բազմազանության մեջ: Այս դպրոցները, այսօրվա փառատոնը կենդանի վկայությունն է այն բանի, որ Աբխազիայում հայ համայնքը և հայկական մշակույթը կենդանի են և զարգանում են», — apsadgil.info-ի փոխանցմամբ՝ նշել է Բժանիան։

Նախագահը հրամանագիր է ստորագրել Բաղրամյանցների անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ֆելիքս Ջիդարյանին, դպրոցի տնօրեն Եվա Քեյյանին, տարրական դասարանների ուսուցչուհի Վարդուշ Խամալյանին «Աբխազիայի Հանրապետության վաստակավոր ուսուցիչ» պատվավոր կոչում շնորհելու մասին՝ մատաղ սերնդի դաստիարակության, մանկավարժական գործունեության վեհ գործում ունեցած վաստակի համար:

«Այսօր նաև 75-ամյա հոբելյանը նշում է մի մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել է Աբխազիայի հայ համայնքին, նրա նախկին ղեկավարն ու ոգեշնչողը, մի մարդ, ում գործունեությունն անգնահատելի օգուտ է բերում Աբխազիայի ողջ հանրապետությանը: Մեծ հաճույքով ուզում եմ շնորհավորել Խաչիկ Մինասյանի հոբելյանի առթիվ։

Մաղթում եմ խաղաղություն և բարօրություն Աբխազիայի ողջ հայ համայնքին: Այսպիսի մարդկանցով, մանկավարժներով, հասարակական և մշակութային գործիչներով մեր Հանրապետությունը դառնում է ավելի հարուստ, ավելի գեղեցիկ և ավելի լավ, իսկ բազմազգ աբխազական ողջ ժողովուրդը՝ ավելի ուժեղ և բարեկեցիկ», — հավելել Է նախագահը: