Աբխազիայում բողոքի ցույցերի պատճառը ռուսական ֆինանսավորման պայմանների մասին օրինագիծն է. Ալեքսանդր Կռիլով

12 Նոյեմբերի 2024, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Աբխազիայում տեղի ունեցած բողոքի ցույցերը:

«Այն, ինչ կատարվում է Աբխազիայում, այժմ երկու պատճառ ունի։ Ելույթների անմիջական առիթն այն է, որ խորհրդարանի նախկին պատգամավորներին ձերբակալել են գործող պատգամավորին ծեծելու համար: Ձերբակալությունը եղել է կոպիտ, և դա վրդովմունք է առաջացրել նրանց կողմնակիցների և հարազատների շրջանում:

Բայց ավելի կարևոր պատճառն այն է, որ այժմ խորհրդարանում քննարկվում է Աբխազիայում նախագծերի համար ռուսական ֆինանսավորման պայմանների մասին օրինագիծը: Ընդդիմությունը դա ներկայացնում է որպես ազգային անվտանգության սպառնալիք, որ դրանով Աբխազիան զրկվում է իր ինքնիշխանությունից, հողերը վաճառվում են ռուս օլիգարխներին, և ամեն ինչ գնում է նրան, որ Աբխազիան կզրկվի իր անկախությունից և ինքնիշխանությունից, որոնք նվաճվել են աբխազա-վրացական պատերազմի ժամանակ։

Ընդդիմությունը փորձում է մեծացնել դրա վրա իր ազդեցությունը, և հաջորդ տարվա սկզբին կայանալիք ընտրություններին ընդառաջ հնարավորինս վարկաբեկել գործող իշխանությանը։ Հնարավոր է, որ եթե իրավիճակը բարենպաստ զարգանա ընդդիմության համար, նրանք կարող են կրկնել իշխանության բռնի զավթման սցենարը, որն արդեն երկու անգամ տեղի է ունեցել Աբխազիայում», — ասել է Կռիլովը։

Նրա խոսքով՝ Աբխազիայում քաղաքական կյանքն առանձնանում է նրանով, որ այնտեղ շատ դժվար է քննարկել և իրական խնդիրների լուծման ուղիներ առաջարկել։

«Դա, առաջին հերթին, ժողովրդագրական խնդրի լուծումն է, աբխազերենի գոյատևման հարցերը և ինքնուրույն տնտեսության կառուցումը՝ սեփական ուժերի վրա հենվելով, առանց ռուսական ֆինանսական օգնության որոշիչ ազդեցության։ Այս ամենՆ իսկապես շատ դժվար է լուծել: Այս խնդիրները չեն քննարկվում, որովհետև շատ ավելի հեշտ է իրենց քաղաքական հակառակորդներին ներկայացնել որպես ազգային դավաճաններ, որոնք պատրաստ են վաճառել հայրենիքը և դրա վրա կառուցել իրենց քաղաքական գործունեությունը: Ցավոք, հենց դրանով է զբաղվում Աբխազիայի քաղաքական ուժերի մեծամասնությունը», — եզրափակել է Կռիլովը։

Հիմա եթերում