Ադաբաշյանը նկարիչ չէ, ռեժիսոր չէ, հավերժություն է, այն էլ՝ ինչպիսի՜. ռուսական հեռուստաալիքը բացահայտել է ռեժիսորի գաղտնիքները

15 Օգոստոսի 2023, 08:38

Հայեր

Ռուսական «Մոսկվա 24» հեռուստաալիքը ցուցադրել է «Բացահայտելով աստղերի գաղտնիքները» հաղորդումը՝ նվիրված Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Ադաբաշյանին։ Վերջերս ականավոր ռեժիսորը դարձավ 78 տարեկան։

«Բացահայտելով աստղերի գաղտնիքները» հեռուստաշոուում Ադաբաշյանը կիսվել է իր գաղտնիքներով, ներկայացրել հարազատներին ու ընկերներին, պատմել, թե ինչու է 15 տարի Լեոնիդ Յարմոլնիկի հետ նշում իր երկրորդ տարեդարձը։ 15 տարի առաջ, երբ Ադաբաշյանը աորտայի պատռվածք ունեցավ, մահից հրաշքով փրկվեց։ Մոտակայքում ընկերն էր՝ Լեոնիդ Յարմոլնիկը։ Հաղորդման մեջ Ադաբաշյանը ներկայացրել է իր բազմանդամ ընտանիքը: Ունի 2 դուստր, 7 թոռ։ Ինքը՝ Ադաբաշյանը, նշել է, որ իրեն ռեժիսոր չի համարում՝ հերքելով անգամ այն փաստը, որ ինքը ռեժիսորական տաղանդ ունի։

«Ես միջին կարողություններով, բավարար կրթությամբ մարդ եմ, չեմ կարող ասել, որ փայլուն եմ»,- ընդգծել է վաստակավոր արտիստը։

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Բորտկոն ֆիլմում Ադաբաշյանի մասին ասում է.

«Ադաբաշյանը նկարիչ չէ, ռեժիսոր չէ։ Հավերժություն է, այն էլ՝ ինչպիսի՜»։