Ադամ Շիֆը մեր ներկայացուցիչն է, բայց մեր ընկերը չէ ու հայերի հետ չէ. Ալեքս Բալեկյան
31 Հոկտեմբերի 2023, 22:05
Ադամ Շիֆը մեր ներկայացուցիչն է, բայց մեր ընկերը չէ ու հայերի հետ չէ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսականի թեկնածու Ալեքս Բալեկյանը:
«Ես Ալեքս Բալեկյանն եմ՝ Գլենդելում ծնված, մեծացած, այնտեղի դպրոցներում կրթված հպարտ հայ եմ: ԱՄՆ կոնգրեսականի թեկնածու եմ և ուզում եմ այնտեղ լինել Գլենդելի հայերի ներկայացուցիչը»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենց կարգախոսն ՝ «Բավական է»:
«Կառավարությունը ֆինանսական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում մեր թշնամի երկրներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին, բավական չէ՞: Եթե կարծում եք, որ բավական է, ուրեմն ընտրեք ինձ»,- ասել է Բալեկյանը:
Նրա կարծիքով՝ Դեմոկրատները հայերի հետ չեն ու նրանց շահերը չեն ներկայացնում:
«Ցավոք, Դեմոկրատները, և հատկապես Ադամ Շիֆը, հայերին խաբեցին: Նա 22 տարի շարունակ հայերի քվեներն ու փողերն առավ, բայց հայերի ու Հայաստանի համար ոչ մի բան չարեց, անիմաստ նամակներ գրեց և երդումներ տվեց: Հայաստան ուղարկվելիք գումարները նա 22%-ով իջեցրեց, բայց քվե տվեց, որ Թուրքիային ուղարկվելիք գումարները 7%-ով ավելանան: Ադամ Շիֆը մեր ներկայացուցիչն է, բայց մեր ընկերը չէ ու հայերի հետ չէ: Դեմոկրատները մեզ հետ չեն ու մեր շահերը չեն ներկայացնում»,- եզրափակել է Բալեկյանը: