Ադրբեջանա-թուրքական նախագծերին Հայաստանի ինտեգրումն ավելի հարմար է իրականացնել «եվրոպական տանիքի» ներքո. Անդրեյ Արեշև
27 Մարտի 2025, 20:14
Ռուս քաղաքագետ, Քաղաքական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին նախագծին, որը մարտի 26- երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ Ազգային ժողովը։
«Այս թեման բավական երկարատև է, և այս օրինագիծը բավականին երկար ժամանակ է քննարկվում, և մենք գիտենք, որ դրա շուրջ տեղեկատվական մեծ աղմուկ է բարձրացել: Ռուսաստանի տարբեր աստիճանի ներկայացուցիչներն արդեն բազմիցս մեկնաբանել են դա։ Կարծում եմ, որ դա չի կարող չանդրադառնալ Մոսկվայի հետ հարաբերությունների վրա, այդ թվում՝ Եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Եվ ես կցանկանայի ուշադրություն հրավիրել նախ և առաջ տվյալ թեմայի զուտ ներհայաստանյան օրակարգի վրա, որովհետև և՛ ԵՄ-ում, և՛ Բրյուսելում բազմիցս խոսել են եվրոպական ինտեգրացիոն միավորմանը Հայաստանի Հանրապետության որևէ անդամակցության հեռանկարների բացակայության մասին։
Այս մասին բազմիցս խոսել են Բրյուսելի տարբեր պաշտոնական ներկայացուցիչներ, և ինձ թվում է, որ այստեղ խոսքը գնում է հենց Հայաստանում ներքաղաքական օրակարգը լրացնելու ձգտման մասին։ Դա արվում է Արևմուտքի, մասնավորապես՝ արդեն հեռացած Բայդենի վարչակազմի հետ երկխոսության մեջ որոշակի հաջողություններ և որոշակի առաջընթաց ցույց տալու նպատակով։ Մենք հիշում ենք այդ հոխորտանքները, որ գործընթացը շարունակվում է, և ՀՀ-ն ադրբեջանա-թուրքական նախագծերում առավել սերտ ինտեգրելու հայկական ներկայիս իշխանությունների ձգտումն ավելի հարմար է անել ինչ-որ եվրոպական տանիքի ներքո», — նշել է փորձագետը։
Անդրադառնալով Հայաստանի ներկայիս իշխանությունների հակառուսական հայտարարություններին՝ քաղաքագետն ընդգծել է, որ դրանք բխում են Արևմուտքի անորոշ դիրքորոշումից:
«Ես կարծում եմ, որ դա որոշ տատանումների արտացոլումն է Արևմուտքի անորոշ դիրքորոշման և Եվրոպայի՝ իրենց գործերով զբաղվածության պայմաններում, այնտեղ ակնհայտորեն Հայաստանի ժամանակը չունեն։ Եվ այդ պատճառով թույլատրվում է նման «ինդուլգենցիաներ» Ռուսաստանի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում պետք է նայել ոչ թե խոսքերին, այլ իրական գործերին և Հայաստանի իշխանությունների կոնկրետ քայլերին, որոնք, հեռու մնալով անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ քաղաքական փոխգործակցության տարբեր ձևաչափերից, չեն ընդհատում տնտեսական կապերը ԵԱՏՄ շրջանակներում։ Նրանք շատ լավ հասկանում են, որ այդ կապերը բավական լուրջ հենարան և կայունության գործոն են Հայաստանի գործող իշխանության համար», — ասել է Արեշևը։