Ադրբեջանական և թուրքական թեզերը շարժման մասին նույնն են, ինչ ՀՀ իշխանություններինը․ Բագրատ Սրբազան

21 Մայիսի 2024, 19:30

Քաղաքականություն

Եթե իրավիճակը իրենց համար հանգիստ է, խորհրդարանի աշխատանքն ինչի՞ են նվիրում դրան: Այս մասին արցախցիների հետ հանդիպումից հետո ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին, թե իրենք մտահոգվելու պատճառ չունեն շարժման համար։

«Ամոթ է իրենց, բառիս բուն իմաստով։ Ադրբեջանական և թուրքական իշխանությունների թեզերը մեկին մեկ իրենց թեզերն են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասով, մի բառ չեմ չափազանցնում, այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները։ Սրա մասին թող այս մարդիկ մտածեն: Կտեսնեք այս երկու օրը հաղորդում է լինելու մասնագետների կողմից, կներկայացվի։ Դա տարածեք, գնում-գալիս եք այդ մարդկանց բարբաջանքները փոխադրում եք մեր դաշտ»,- ասաց նա։

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ամենայն պատասխանատվությամբ ասում է՝ ադրբեջանական և թուրքական իշխանությունների թեզերը, գաղափարները շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը։

«Նրանք այս գործող կառավարության մեջ գաղափարներ են առաջադրել Արցախի, Հայաստանի հետ կապված, որոնք իրենք չեն իրականացրել։ Ավելին, նախընտրական շրջանում հենց Ոսկեպարի, Կիրանցի հետ կապված, օրինակ, ձեռք կտրելու մասին է մարդը խոսել, չեն արել ոչ մի բան, նշանակում է՝ իրենք իշխանություն չեն եղել, իրենք ուղղակի տեղ են զբաղեցնում, սրանց թող պատասխանեն։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ են ասում, խոսք է ասում են, շաղակրատում են, խնդիր չկա»,- հայտարարեց նա։