Ադրբեջանական կողմին կփոխանցվեն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
25 Հունվարի 2024, 20:05
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հայկական կողմն Ադրբեջանին կտրամադրի ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ։
Հաղորդագրությունում նշված է․
«Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին եւ ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ):
Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել, Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ եւ ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ եւ հումանիտար քայլը օգտագործելով ատելություն բորբոքելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հրապարակային եւ աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով:
Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո եւ ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ:
Այդ տեղեկամատյանները առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների»: