Ադրբեջանական պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն՝ կազմակերպությանը մեղադրելով դավադրության մեջ

24 Հունվարի 2024, 21:23

Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հրապարակային հայտարարություն է արել Վեհաժողովում նիստի մեկնարկից առաջ, որի ընթացքում քննարկվելու է երկրի պատվիրակության լիազորությունների վավերացման հարցը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայկական ագրեսիայի, օկուպացիայի և բռնի անջատողականության դեմ Ադրբեջանի պատմական հաղթանակից և տարածքային ամբողջականության վերականգնումից հետո մենք կանգնած ենք Ադրբեջանին արատավորելու կազմակերպված արշավի՝ արդարության վերականգնման հարցում նրա ձեռքբերումների վերաբերյալ, ինչը երկար ժամանակ մերժվում էր Ադրբեջանի ժողովրդին։ 20 տարի մենք բարձրացրել ենք հայկական օկուպացիայի ծանր հետևանքների մասին հարցեր, բայց մեզ ասում էին, որ ԵԽԽՎ-ն հակամարտության հետ կապված հարցեր քննարկելու ձևաչափ չէ, և հիմա ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ և պատգամավորներ հակառակն են ասում և Ադրբեջանին մեղադրելու ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում։

Պետությունների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը վերաբերող միջազգային իրավունքի և այլ համաձայնագրերի ընտրովի մեկնաբանությունը ցույց է տալիս նման ենթադրության ցինիզմը։ Ցավոք, ԵԽԽՎ-ն օգտագործվում է որպես հարթակ որոշ երկրների պատժելու համար։ ԵԽԽՎ-ի սկզբունքներն օգտագործվել են որոշակի կողմնակալ խմբի կողմից, որը խեղաթյուրել է այդ սկզբունքներն՝ իրենց նեղ շահերն առաջ տանելու համար: Քաղաքական կոռուպցիան, խտրականությունը, էթնիկ և կրոնական ատելությունը, ատելության խոսքը, երկակի ստանդարտները, ամբարտավանությունը և շովինիզմը դարձել են ԵԽԽՎ-ում տարածված պրակտիկա։

Մենք Ադրբեջանի հեղինակությանը վիճարկելու հարցը համարում ենք այս չարամիտ արշավի մաս։ Այս նախաձեռնությունը Ադրբեջանում ընտրական գործընթացին միջամտելու և մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու միտումնավոր և անընդունելի փորձ է:
Պատվիրակության լիազորությունների վավերացումը մերժելու առաջարկը լրջորեն կվնասի Եվրոպայի խորհրդի վստահությունն ու անաչառությունն ընդհանրապես, և լուրջ ու անհերքելի հետևանքների պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, որոնք նախաձեռնել են դա:
Աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ այս դահլիճում նստածները, չեն կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքի և շանտաժի լեզվով, ԵԽԽՎ պատմության մեջ երբևէ այս կազմակերպությունը նման անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել։ Հայտնվելով ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի մեջ՝ ադրբեջանական պատվիրակությունը որոշել է դադարեցնել փոխգործակցությունը և մինչև հաջորդ ծանուցում ներկա չլինել ԵԽԽՎ-ում»,- ասել է նա։

Սեիդովը մի կողմ է թողել լրագրողների բոլոր հարցերը ԵԽԽՎ-ի կողմից երկրի հասցեին հնչող մեղադրանքների, այդ թվում՝ լրագրողների ձերբակալության վերաբերյալ։ «Այս ամենը հորինվածք է», — ասել է նա:

Պատասխանելով Alpha News-ի հարցին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և այդ ագրեսիայի հետևանքով իրենց պատմական հայրենիքից հայերի արտագաղթի մասին՝ Սեիդովն ասել է. «Մենք ազատագրեցինք մեր տարածքները»։

Ճշտող հարցին, թե ինչպե՞ս՝ «սպանությամբ», Սեիդովը պատասխանել է.

«Մենք ազատագրեցինք մեր տարածքները, վերականգնեցինք միջազգային իրավունքը, արդարություն ենք հաստատել մեր տարածքում, և հենց այդ շատ արդարացված գործողությունների պատճառով մենք այժմ ճնշման տակ ենք և այս վիճակում»:

Հիմա եթերում