Ադրբեջանական քաղաքներում հայերի հազարամյա հետքերը միտումնավոր ջնջվեցին․ ԱԳՆ
15 Հունվարի 2025, 20:37
ՀՀ ԱԳՆ-ն Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը հիշատակող հայտարարություն է տարածել։
«1990թ. հունվարին Բաքվում հայ բնակչության կոտորածին, որը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել երբեմնի 250 հազարանոց հայկական համայնքի մնացորդներին, նախորդել էին Ադրբեջանի Սումգայիթ և Կիրովաբադ (ներկայիս Գյանջա) քաղաքներում ավելի մասշտաբային ջարդերը։
1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն: Այս ամենին զուգահեռ ադրբեջանական քաղաքներում հայերի հազարամյա հետքերը միտումնավոր ջնջվեցին։
«Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին և վերապրածներին՝ Հայաստանը խորապես հավատում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը»,- նշված է հայտարարության մեջ։