Ադրբեջանական սադրանքների վերաբերյալ ԵՄ դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ. ԱԳ փոխնախարար
12 Մայիսի 2023, 14:25
Հայաստանը դրական է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը, բայց ադրբեջանական սադրանքների վերաբերյալ ԵՄ դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Դիտորդները չէին էլ կարող որևէ արձագանք տալ։ Նրանց դերակատարումն է զեկույցներ պատրաստել Բրյուսելի և ԵՄ անդամ երկրների համար։ Նրանց խնդիրն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածները։ Ես կարող եմ նշել, որ նրանց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու գործում։
Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ, և այդ մասով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը: Այս պահին մենք կարող ենք դրական գնահատել գործունեությունը»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ ոչ ոք կասկած չուներ, որ հնարավոր է՝ սադրանքներ լինեն: