Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ Արցախը լքած հայերի տները կնքված են

23 Նոյեմբերի 2023, 14:40

Քաղաքականություն

Բնակարանները, մշակույթի հուշարձանները, այդ ամենը Ղարաբաղում պահպանվում է հատուկ նշանակության ուժերի կողմից։ Տները կնքված են, ոչ ոք այնտեղ չի մտնում։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

«Միջազգային դատարանի որոշման որոշակի մասը վերաբերում է այս հարցին։ Դա Ադրբեջանի պարտականությունն է։ Դժվար է ասել, թե ինչպես են տեղի ունենալու գործընթացները ֆիզիկական առումով։ Կարծում եմ, որ, ինչպես արդեն հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը, բոլոր վերադառնալ ցանկացողներին ժամանակ է տրվել։ Այսինքն՝ նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ վերջնականապես, կվերադառնան, կամ եթե որեւէ մեկը ցանկանա գալ և վերցնել իրերը, ապա նրանց, ամենայն հավանականությամբ, նման հնարավորություն կտան։ Այսինքն՝ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը, ԱԳՆ-ն արդեն այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ»,- ասել է նա։