Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է Ուկրաինային վաճառել Հայաստանից առգրավված զենքը
19 Օգոստոսի 2025, 12:30
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է, որ երկիրը կարող է վերացնել Ուկրաինային զենքի վաճառքի էմբարգոն և փոխանցել նրան Հայաստանի հետ պատերազմի ժամանակ առգրավված զենքը:
Նրա խոսքով՝ լրացուցիչ դիմումներ կամ հայտարարություններ ուղարկելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է գործել՝ ուշադրություն չդարձնելով Ռուսաստանի արձագանքին:
«Պատերազմի ընթացքում գրավված ռուսական զենքը կարելի է վաճառել Ուկրաինային։ Նախիջևանում մեր բանակն ամբողջությամբ անցել է թուրքական սպառազինության, դրա համար էլ այնտեղ բավականաչափ զրահատեխնիկա է մնացել։ Կան «Գրադ» կայանքներ և այլ տեխնիկա, որն այլևս իմաստ չունի պահել: Այդ տեխնիկան կարելի է ուղարկել Ուկրաինա՝ վաճառքի նպատակով», — նշել է Մուսաբեկովը։
Նա հիշեցրել է, որ ժամանակին Ուկրաինան Ադրբեջանին խորհրդային սպառազինություն էր մատակարարում՝ տանկեր և ՄԻԳ-29 կործանիչներ։ Նրա կարծիքով՝ այժմ Ադրբեջանը կարող է Ուկրաինային վաճառել ավելորդ տեխնիկան արտոնյալ գներով, հատկապես հաշվի առնելով, որ այն հաճույքով վճարում են եվրոպական երկրները:
«Լրացուցիչ բացատրություններ չեն պահանջվում՝ ում դուր է գալիս, դուր գա, ում՝ ոչ, կարևոր չէ»,- հավելել է պատգամավորը: