Էրիկ Կարապետյանն իրավական գործընթաց է սկսել Մալախովի շոուում իր երգը որպես ադրբեջանական ներկայացնելու համար
26 Փետրվարի 2025, 11:00
Երգիչ Էրիկ Կարապետյանի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ադրբեջանցիների կատարմամբ հնչել է ռուսական «Россия 1» պետական ալիքով հեռարձակվող «Воскресное шоу Андрея Малахова» հաղորդման ժամանակ։ Երգիչն իրավական գործընթաց է սկսում։
««Ոչ ավել, ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել, աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում, առանց որևէ թույլտվության…
Ես լռել եմ: Բայց համբերությանս բաժակը լցվեց, երբ օրեր առաջ Ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ, առանց որևէ թույլտվության, իմ երգը հնչեց աղավաղված տարբերակով՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ: Ու ցավալին ու ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ:
Երգը գրել եմ 2018 թվականին՝ Երևանում: Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը: Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար:
Նշեմ, որ ստեղծագործությունն առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։
Ցավ եմ ապրում, որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները»,- գրել է երգիչը: