Ադրբեջանցիների կողմից առևանգված 2 հայ զինծառայողների դատավարության հարցով ՀՀ-ն կդիմի ՄԻԵԴ
05 Հուլիսի 2023, 09:08
Ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի դատավարության հարցով Հայաստանը կդիմի ՄԻԵԴ, Հանրային հեռուստատեսության եթերում ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ հայ զինծառայողները մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից:
Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով դատավարությունն սկսվել է մայիսի 26-ին՝ Սումգայիթում։ Այսօր նրանց գործով տեղի կունենա հաջորդ դատական նիստը։
Հայ զինծառայողներին Ադրբեջանը մեղադրում է «պետական սահմանն ապօրինի հատելու», «ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնության փորձի», «ահաբեկչություն ծրագրելու», «զենք-զինամթերքի մաքսանենգության մեջ»։
«Մենք կարծում ենք, որ դրանք ապօրինի դատավարություններ են։ Դեռ 2021 թվականին մեր հայրենակիցների նկատմամբ նման ակնհայտ ապօրինի դատավարություններ ու դատավճիռներ էին կայացվել։ Մենք կշարունակենք պաշտպանել մեր դիրքորոշումները»,- ասել է Կիրակոսյանը։
Նա հայտնել է, որ Ադրբեջանն արձագանքել է Լաչինի միջանցքի հարցով ՀՀ-ի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումին, սակայն մանրամասներ չի հայտնել: Նա հայտնել է, որ ՄԻԵԴ-ը ստացված մեկնաբանությունների վերաբերյալ պատասխաններ ներկայացնելու համար Հայաստանին մինչև հուլիսի 10-ը ժամանակ է տվել։