Ադրբեջանցիներն այսօր ԱՄՆ-ում հակահայկականություն են քարոզում․ Մարիա Լազարյան
16 Փետրվարի 2024, 00:15
Երբ քո հայրենիքում Ադրբեջանին անհրաժեշտ պատասխան չեն տալիս, սփյուռքն ինքնստինքյան ևս թևաթափ է լինում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց լրագրող Մարիա Լազարյանը։
«Զարմանալի չէ, որ այսօր Ադրբեջանը սփյուռքում հակահայկական քարոզ է անում։ Զարմանալի չէ, որովհետև երբ քո հայրենիքում Ադրբեջանին անհրաժեշտ պատասխանը չեն տալիս, սփյուռքն ինքնստինքյան ևս թևաթափ է լինում։ Առաջ երբ սահմանին զոհ էինք ունենում, բոլորը միայն դրա մասին էին խոսում, սուգ էր լինում, բայց այդ նորման խախտվել է, և մարդիկ հիմա դրան շատ հանգիստ են վերաբերվում, կարծես սովորական բան լինի»,- նշեց Լազարյանը։
Լրագրողը նկատեց՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում մարդիկ կորցրել են մշակութային արժանապատվությունը։
«Այստեղ՝ ԱՄՆ-ում ևս նկատել եմ, որ մարդիկ կորցրել են մշակութային արժանապատվության, այն պաշտպանելու զգացումը։ Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ Լոս Անջելեսում, որտեղ հայերը մեծամասնություն են կազմել միշտ, ադրբեջանցիները կարողանան որևէ ագրեսիա ցուցաբերել։ Բայց նրանք այսօր իրենց թույլ են տալիս հակահայկականություն քարոզել։ Այս ամենը Հայաստանի ներկա իշխանության ոչինչ չանելու ու չձեռնարկելու արդյունքն է։ Եթե ուշադիր հետևեք սոցցանցային պատերազմին, կնկատեք, որ թուրքերն ու ադրբեջանցիները շատ ծաղրելով են խոսում հայ ազգի մասին, բայց Նիկոլ Փաշինյանի մասին խոսում են շատ չեզոք և իրենց խոսքն այնպես են կառուցում, կարծես ասեն՝ Նիկոլը մերոնցական է»,- եզրափակեց Լազարյանը։