«Ադրբեջանցիները չեն վայելելու Արցախը». ինչու են Հայաստանում արգելել ծածանել Արցախի դրոշը
21 Հունվարի 2026, 13:00
Օրեր առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Արցախի մշակույթին նվիրված լայնածավալ «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որի ժամանակ արգելվել է Արցախի օրհներգի կատարումը, դրոշի և զինանշանի օգտագործումը։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Պրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի հետ:
«Արևմտյան Հայաստանը մոռացնել տվեցին, բայց Արցախը չեն կարող, այն իմ սրտում ու մտքում է»,- ասել է մեր զրուցակիցը:
Ղուկասյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ արտերկրում են արգելել ծածանել Արցախի դրոշը, բայց նրան զարմացրել ու զայրացրել է այն, որ Հայաստանում նույնպես դա արգելվել է։
«Արտերկրում սկանդալ է եղել Արցախի դրոշը ծածանելու համար: Ուկրաինայում բավականին մեծ վիճաբանություն է եղել ադրբեջանցիների հետ: Մրցաշարի ժամանակ մեր մարզիկը, որը պիտի մրցեր ադրբեջանցու հետ, ներկայացրել է Արցախի դրոշը: Դրանից հետո հրմշտոց է սկսվել»,- պատմել է Հայկ Ղուկասյանն ու մանրամասնել՝ բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ է ունեցել:
Մեր զրուցակիցը հույս ունի, որ հայերն էլի գնալու ենք Արցախ, այս ամենը ժամանակավոր է:
«Չեմ կարծում, որ ադրբեջանցիները վայելելու են Արցախը: Ժամանակ ու համբերություն է պետք, մենք էլի պարելու ենք Շուշիում: Ես ինձ հարց եմ տալիս՝ մեր երկրի ղեկավարությունն ինչպես այդքան կարճ ժամանակում մոռացավ Արցախը», — ցավով է նկատել Հայկ Ղուկասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: