Ադրբեջանցիները խոշտանգել են հայերին, անդամախեղել մարմինները, այդ թվում՝ երեխաների և կանաց. ՀՀ ՄԻՊ

19 Հոկտեմբերի 2023, 13:40

Քաղաքականություն

Փորձել եմ պաշտոնապես կապ հաստատել Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ, բայց արձագանք չենք ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ հավելելով, որ Ադրբեջանում բանտարկված հայերի անմեղության կանխավարկածի սկզբունքները բոլոր մակարդակներում խախտվում են։

«Ի սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործ թե՛ պետական մակարդակում, թե՛ քաղաքացիների կողմից»,- ընդգծել է Մանասյանը:

ՄԻՊ-ը հայտարարել է, որ ադրբեջանցիները խոշտանգել են հայերին, անդամախեղել մարմինները։

«Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ, ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, կանայք: Այս մասին տեղեկացրել ենք միջազգային բոլոր գործընկերներին, և անգլերենով զեկույց հրապարակել, որը ներկայացվել է նաև Հաագայի դատարան»,- նշել է ՄԻՊ-ը: