Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Մակրոնի՝ Բաքվի հասցեին հնչեցված մեղադրանքները

22 Փետրվարի 2024, 11:17

Քաղաքականություն

Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաքվի հասցեին հնչեցված մեղադրանքներն ու հայտարարությունները, որոնք միակողմանիորեն պաշտպանում են Հայաստանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով փետրվարի 21-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին:

«Անտեղի է, որ Ֆրանսիան, որը գրեթե 30 տարի չի բարձրաձայնել իրենց տարածքներից վտարված և ջարդերի ենթարկված ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման մասին, խոսում է Ադրբեջանի տարածքները իրենց կամքով և առանց որևէ բռնի հարկադրանքի լքած հայերի իրավունքների և անվտանգության մասին։ Ավելի օգտակար կլիներ, եթե ֆրանսիական կողմը խոսեր Հայաստանի կողմից Ադրբեջանի ութ գյուղերի շարունակական օկուպացիայի մասին»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել, որ Բաքվին մեղադրում են անհամաչափ պատասխանի համար՝ Հայաստանին քննադատելու փոխարեն, որը, առանց որևէ հրահրող գործոնների, խախտել է շուրջ հինգ ամիս տևած կայունությունը, և պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները:

«Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունքի չի բերի», — հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Մակրոնն իր ելույթում ասել էր. «Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյուքնում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր»: