Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանից 8 գյուղ է պահանջել
07 Նոյեմբերի 2023, 12:56
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում վերջնագրային տեսքով Հայաստանից պահանջել է 8 «օկուպացված» գյուղ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նոյեմբերի 9-ին նվիրված հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանն ընտրել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները խոչընդոտելու ուղին, շարունակելով ռազմաքաղաքական սադրանքներն ու ականապատումը, նախկինի պես սպառնալիք է ստեղծում խաղաղ գործընթացի, մեր քաղաքացիների կյանքի համար, խոչընդոտում է տարածաշրջանում վերականգնման և վերակառուցման աշխատանքներին»:
«Ի հեճուկս ստանձնած պարտավորությունների՝ հայկական կողմը ոչ միայն Ադրբեջանի տարածքից դուրս չի բերել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիք հանդիսացող հայկական զինված ուժերը, այլև շարունակել է նրանց նյութական և ֆինանսական աջակցությունը, չի դադարեցրել զենքի, ռազմական տեխնիկայի և ականների ապօրինի տեղափոխումը Ադրբեջանի տարածք: Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել նաև ադրբեջանական 8 գյուղեր, որոնք մինչ օրս գտնվում են օկուպացիայի տակ», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշենք, որ խոսքը Տավուշի և Արարատի մարզերում, այսպես կոչված, 8 «անկլավների» մասին է։