Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել բրյուսելյան հանդիպման վերաբերյալ
15 Մայիսի 2023, 12:52
«Բրյուսելյան ձևաչափով» հերթական հանդիպումը կարևոր է կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը խրախուսելու տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ, գրում է Tert.am-ը:
«Մայիսի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև այս ձևաչափով Եվրոպական խորհրդի նախագահի կողմից կազմակերպված հինգերորդ հանդիպումը օգտակար և արդյունքային ենք համարում երկու երկրների հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու առումով։
Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցության վերականգնման ոլորտներում կոնկրետ արդյունքների հասնելու համար։
Հատկապես կարևոր է պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի ևս մեկ հաստատումը, Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունումն այս համատեքստում։
Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման և հարգման վրա, միակ ճանապարհն է՝ ապահովելու կայուն խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։
Մենք ողջունում ենք ջանքերն այս ուղղությամբ՝ նպաստելով հարաբերությունների կարգավորման առաջընթացի ձեռքբերմանը, վերահաստատելով մեր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունն ու փոխգործակցությունը այդ նպատակը հետապնդող միջազգային գործընկերների հետ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկվա հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարել էր, որ «առաջնորդները հաստատել են միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին ու համապատասխանաբար Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքների հարգումը»: