Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում Իրանի դեսպանի դեմ

12 Նոյեմբերի 2023, 10:30

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարություններին։

«Նման կարծիքները վնասում են Ադրբեջանի և Իրանի՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա ձևավորված հարաբերություններին, ինչպես նաև հակասում 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահի արտահայտած խոսքերին, որով նա ուրախությամբ նշել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանում «սադրանք» են որակել Իրանի դեսպանի հայտարարությունները՝ ակնկալելով, որ Իրանը «համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան դեսպանի արած հայտարարություններին»։ 

Ավելի վաղ ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել էր․ «Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների փոփոխությանը դեմ լինելու մասին մեր դիրքորոշումը հայտարարվել է այնպիսի մակարդակով, որ ոչինչ ու ոչ ոք չի կարող փոխել այն։ Իրանը դեմ է ցանկացած տրանսպորտային հաղորդակցության, որը դուրս կլինի Հայաստանի ինքնիշխանությունից ու վերահսկողությունից։ Ոչ ոք չի կարող անկախ, ինքնիշխան երկրին ասել, որ նա հրաժարվի իր տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողությունից և հանձնի այն այլ երկրի։ Սա նշանակում է աշխարհաքաղաքական փոփոխություն ու գերիշխանություն, ինչին մենք դեմ ենք»։