Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է փոփոխություններ կատարել Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր կացության կանոններում

28 Դեկտեմբերի 2024, 15:45

Քաղաքականություն

Մոտ ժամանակներս Ադրբեջանի իշխանությունները փոփոխություններ կկատարեն Ադրբեջանի տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կանոններում: Այս մասին հայտարարել են երկրի ԱԳՆ-ում:

«Ռուսաստանի կողմից սահմանված նոր կանոնները և երկրում օտարերկրացիների գտնվելու ժամկետների նկատմամբ պահանջների խստացումը մեր կողմից դիտարկվում են մեր քաղաքացիների իրավունքների համատեքստում։ Ադրբեջանական կողմը ելնելու է ժամանակավոր կացության և միգրացիայի հարցերում հավասարության և փոխադարձության սկզբունքից։ Այդ կապակցությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել այն կանոններում, որոնք սահմանում են հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ժամանակավոր գտնվելու ժամկետը», — հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով Ռուսաստանի իշխանությունների որոշումը՝ փոխել ՌԴ-ում առանց վիզայի օտարերկրացիների գտնվելու ժամկետը։