Ադրբեջանի ԱԳՆ-ը հերքել է Ռուսաստանի հայտարարությունները AZAL-ի ապահովագրավճարների մասին
06 Սեպտեմբերի 2025, 11:52
Ադրբեջանի ԱԳՆ-ը հերքել է Ռուսաստանի հայտարարությունները ապահովագրավճարների և երկկողմ հարաբերությունների վիճակի մասին։ ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ընդգծել է, որ AZAL ավիաընկերության ապահովագրավճարները կապ չունեն այն փոխհատուցման հետ, որը Բաքուն պահանջում է Ռուսաստանի կառավարությունից ինքնաթիռի կործանման կապակցությամբ, և դրանք հավասարեցնելու փորձերը համարել է ոչ կոռեկտ:
Նրա խոսքով՝ երկրների միջև լարվածության աղբյուր են մնում ավիավթարի հետևանքները և Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ հալածանքները։
«ՌԴ ԱԳՆ սեպտեմբերի 4-ի հայտարարությունը ՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի աղետի հետ կապված ապահովագրական վճարների վերաբերյալ, ոչ միայն զարմանք է առաջացնում, այլև մոլորության մեջ է գցում հանրությանը։
AZAL-ի և ուղևորների ապահովագրավճարները, որոնք իրականացվում են Ռուսաստանում գրանցված ապահովագրական ընկերության կողմից, և մեր երկրի կողմից Ռուսաստանի կառավարությունից ինքնաթիռի խոցման համար պահանջվող փոխհատուցման հարցը բոլորովին տարբեր թեմաներ են։
Նշված վճարումները ընկերության կողմից իրականացնելու գործընթացն արդեն շարունակվում է մոտ վեց ամիս։ Ընդհանուր առմամբ, այդ վճարումներն իրականացվում են բացառապես AZAL-ի ապահովագրական պայմանագրի շրջանակներում և ինքնաթիռի ու ուղևորների ապահովագրությունից բխող պարտավորությունների կատարումն են։ Ինչ վերաբերում է նրան, որ վճարումներն իրականացվում են ռուսական ապահովագրական ընկերության կողմից, նշենք, որ սովորաբար ինքնաթիռների ապահովագրությունն իրականացվում է համապատասխան միջազգային ապահովագրական ընկերությունների միջոցով։ Սակայն, հաշվի առնելով, որ Ռուսաստանի տարածքում միջազգային ապահովագրական ընկերություններ չեն գործում, AZAL-ի ինքնաթիռի ապահովագրությունն իրականացվել է ռուսական ընկերության միջոցով։
Այսպիսով, ապահովագրավճարները Ադրբեջանի կողմից Ռուսաստանի կառավարությանը ներկայացված փոխհատուցման պահանջին հավասարեցնելու փորձերը ոչ կոռեկտ են:
Բացի այդ, սխալ է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակի դիրքորոշումը, ով հայտարարել էր, թե, իբր, այս տարվա հուլիսին Ադրբեջանում Ռուսաստանի 13 քաղաքացիների ձերբակալությունը ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառ է և նրանց ազատ արձակումը որպես պայման է առաջ քաշել հարաբերությունների բարելավման համար։
Քաջ հայտնի է, որ ադրբեջանա-ռուսական հարաբերություններում լարվածությունը պայմանավորված է հենց հարձակման հետևանքով խոցված AZAL ինքնաթիռի աղետով և ռուս պաշտոնյաների հետագա պահվածքով։ Լարվածության լրացուցիչ աղբյուր է դարձել նաև Ռուսաստանում ադրբեջանցիների էթնիկ հիմքով հետապնդումը, Եկատերինբուրգում ադրբեջանցիների ծեծն ու սպանությունը։ Բացի այդ, Ռուսաստանի տարբեր պետական կառույցների՝ Ադրբեջանի դեմ ուղղված գործունեությունը նույնպես երկկողմ հարաբերությունների վրա բացասաբար ազդող գործոն է»,- հայտարարել է նա։