Ադրբեջանի ագրեսիայից հետո ԼՂ-ում տեղի ունեցածը ցեղասպանության տեսակ է․ Լուիս Մորենո Օկամպո

09 Նոյեմբերի 2023, 18:25

Քաղաքականություն

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարծում է, որ պետությունները միտումնավոր կերպով անտեսում են ցեղասպանությունների վտանգը, որպեսզի պարտավորվածություն չկրեն դրանք կանխելու համար։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մորենո Օկամպոն նշել է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը ևս ցեղասպանության ձև է՝ շեշտելով, որ ցեղասպանությունը միայն մասսայական սպանությունը չէ։

-Պարոն Օկամպո, Դուք օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահին տրամադրեցիք և ապա հրապարակեցիք ձեր մասնագիտական տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և ամբողջական պաշարումը համարելով ցեղասպանություն։ Ի՞նչ գործընթաց կարելի էր այդ ժամանակ սկսել՝ առաջիկա աղետի առաջն առնելու համար։

-Զեկույցը կարևոր էր, քանի որ մենք հանրային կարծիք ստեղծեցինք: Այնուամենայնիվ, պետությունները ինչ-որ զարմանալի բան են անում․ նրանք միտումնավոր անտեսում են ցեղասպանության վտանգը, որպեսզի խուսափեն ցեղասպանությունը կանխելու պարտավորությունից․ սա այն է, ինչին մենք  հանգեցինք:

Հիմնականում պարզեցինք, որ պետությունները փորձում են խուսափել ցեղասպանություն բառից։ Նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերցրեց իմ զեկույցը և սկսեց գործունեություն ծավալել, այն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը, առանց ցեղասպանության մասին հիշատակելու, ասաց, որ միջազգային մակարդակով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղը։ Բայց արդեն ուշ էր։ Նրանք դա ասացին, իսկ երեք օր անց Ալիևը հարձակվեց։

-Ինչպե՞ս եք մեկնաբանում սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցածը։ Թվում է, թե շատերը, ցեղասպանություն ասելիս, միայն կոտորած են պատկերացնում։ Բայց մի քանի օրում հարյուր հազարից ավել մարդ, թողնելով ամեն ինչ, լքեց սեփական հայրենիքը։  

-Դա նույնպես ցեղասպանություն է` համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի  B կետի (խմբի անդամին մարմնական կամ հոգեկան ծանր վնաս հասցնելը)։ Խուան Մենդեսի նոր զեկույցը կա, որում ասվում է, որ այն փաստը, որ 100 հազար մարդ հեռացել է, ցույց է տալիս հոգեբանական վնասը, քանի որ նրանք թողել են ամեն ինչ։ Ուրեմն դա ցեղասպանության տեսակ է, ցեղասպանությունը միայն սպանություն չէ: Այո, սպանությունը զանգվածային չէր, բայց հոգեկան վնաս կա՝ ամբողջ համայնքը լքեց իր հայրենի հողը։

-Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ի՞նչ իրավական մեխանիզմներ կան, որոնք կարող են գործել և որքանով եք Դուք իրատեսական համարում այս մարդկանց իրավունքների վերականգնումն՝ ըստ միջազգային նորմերի։

-Կարծում եմ՝ հիմա կարևոր է, որ Ֆրանսիան հարցը դրան է տանում: Կարևոր պետություն է, որը առաջ է մղում օրակարգը, և դրա համար մենք պետք է պայքարենք:

Պետք է պայքարել ժողովրդի իրավունքը հարգելու համար, քանի որ ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է, ուստի պետք է հարգել նրա իրավունքները։ Եվ ես այլ առաջնահերթ խնդիր եմ համարում ապաքինվելը, պատանդներին ազատելը։ Ադրբեջանում կա 53 բանտարկյալ։

Խնդիրն այն է, որ միջազգային իրավունքն այնպես չի գործում, որ, օրինակ, եթե ինչ-որ մեկը գողանա քո հեծանիվը, դու կարող ես դիմել ոստիկանություն և դատարան: Ոչ, նման բան չկա: Մենք ունենք Արդարադատության միջազգային դատարան, ենթադրաբար, պետությունների համար, և կա Միջազգային քրեական դատարան՝ անձանց հետապնդելու համար: Այդ մարդկանց ազատ արձակելու իրավական գործընթացը պարզ չէ, բայց մենք պետք է քաղաքականապես զարգացնենք գործընթացը։ Այդ իսկ պատճառով այս համաժողովը (խմբ Եվրախորհրդարանում ԼՂ-ի հարցով համաժողովը) կարևոր էր։