Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն անիրատեսական են, քանի որ ԵՄ-ում չկա միակարծություն այդ հարցի շուրջ. գերմանացի իրավապաշտպան

02 Նոյեմբերի 2023, 23:42

Քաղաքականություն

Գերմանացի իրավապաշտպան, Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարթին Զոնեբորնի գրասենյակի ղեկավար և քաղաքական խորհրդական Դասթին Հոֆմանը կարծում է, որ Եվրոպական Միությունը Հայաստանին աջակցելու հսկայական պատասխանատվություն ունի։ Նա գոհունակությամբ արձանագրել է, որ Ֆրանսիան այդ առումով գործել է և Հայաստանին օգնել է պաշտպանական կարողությունները զարգացնելու հարցում ՝ հույս հայտնելով, որ Գերմանիան, որը երկար տարիներ Հարավային Կովկասում քաղաքականությունը պայմանավորել է տնտեսական շահերով, նույնպես կփոխի իր մոտեցումը։

Դասթին Հոֆմանն այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։

«Քանի որ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից, ԵՄ-ն հսկայական պատասխանատվություն ունի աջակցելու Հայաստանին։ Հաճելի է տեսնել, որ Ֆրանսիան գործեց՝ օգնելով Հայաստանին անհրաժեշտ պաշտպանական կարողություններով: Ես մեծ հույս ունեմ, որ Գերմանիան նույնպես կփոխի իր քաղաքականությունը Հարավային Կովկասի հարցում։ 1915թ.-ին Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի ունեցած դերակատարման հետևանքով կա մեծ բարոյական պատասխանատվություն՝ կանխելու հետագա էսկալացիան։ Կարևոր է նշել, որ անցյալի բոլոր ձախողումները չպետք է խանգարեն Գերմանիայի կառավարությանը փոխել իր ընթացքը: Լավ է ուշ, քան երբեք»,- ասել է նա։

Անդրադառնալով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի՝ Հայաստան կատարելիք այցի նպատակներին՝ Հոֆմանն ասել է, որ նախկինում Գերմանիայի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում հիմնականում ձեռնտու էր Ադրբեջանին։ «Չնայած Ադրբեջանը հաճախակի էր կիրառում ռազմական ուժ՝ Գերմանիան խորացրել է տնտեսական հարաբերությունները Բաքվի ռեժիմի հետ։ Այժմ, երբ կա տարածաշրջանային հակամարտության վտանգ, որում կարող են ներգրավվել նաև հարևան պետությունները, ինչպիսիք են Իրանը և Թուրքիան, նման էսկալացիան ձեռնտու չէ Գերմանիային, քանի որ այն վտանգում է տարածաշրջանի կայունությունը։ Նաև Հայաստանը սկսեց հեռանալ Ռուսաստանի հետ գործընկերությունից։ Հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ներկայիս դիրքորոշումը՝ մեծ շահագրգռվածություն կա աջակցելու նման զարգացումներին»,- ասել է Հոֆմանը։

Պատասխանելով հարցին, թե Գերմանիայի արտաքին քաղաքական օրակարգում ի՞նչ տեղ են զբաղեցնում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումները՝ Հոֆմանը պատասխանել է․

«Նախկինում Գերմանիայի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում ոչ թե արժեքային էր, այլ առաջնային էին տնտեսական շահերը: Նաև, թվում է, թե կա հակամարտության դինամիկայի ըմբռնման պակաս: Տիկին Բերբոքը ամիսներ շարունակ չմեկնաբանեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, և, երբ նա դա արեց, արդեն ուշ էր»,- ընդգծել է Դասթին Հոֆմանը:

Նա Գերմանիայի ԱԳ նախարարին քննադատել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ունեցած ելույթի ընթացքում Գերմանիայի ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե «Բաքուն և Ղարաբաղի հայերը պետք է վերադառնան երկխոսության»։ Հոֆմանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ նման դաժան հարձակումից հետո այդպիսի հայտարարությունը տեղին չէր։

Խոսելով ԵՄ-ի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականության մասին՝ Հոֆմանն ասել է․

«Պատժամիջոցներն անիրատեսական են, քանի որ ԵՄ-ում չկա միակարծություն այդ հարցի շուրջ։ Ադրբեջանի ագրեսիայից հետո Ժոզեպ Բորելի անունից հրապարակված դատապարտող հայտարարությունը պետք է լիներ ԵՄ անդամ 27 երկրների հայտարարություն, որին խոչընդոտել է Հունգարիան։ Եթե ԵՄ-ն չկարողացավ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, կասկածելի է, որ պատժամիջոցների շուրջ կոնսենսուս կարող է լինել։ Սա ողբերգական է, մանավանդ, որ Եվրախորհրդարանն արդեն ամիսներ առաջ պատժամիջոցների կոչ է արել։ Հնարավոր է, որ ավելի մեծ ճնշումը կխանգարեր Ադրբեջանին ռազմական ուժի դիմել: Անպատժելիությունը խրախուսում է Բաքվին»։

Նա նաև հայտարարել է, որ Հարավային Կովկասի հետ կապված ԵՄ արտաքին քաղաքականությունը ձախողվել է։ «Վերջերս ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը դա արտահայտել է անսովոր կոշտ ձևով՝ նշելով որ Եվրախորհրդարանը խորը դժգոհություն է հայտնում այն փաստի առնչությամբ, որ խորհրդարանի կողմից պարբերական ահազանգերը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և դրա աղետալի հետևանքների ռիսկերի վերաբերյալ անտեսվել են»,- ասել է նա:

Հոֆմանը քննադատել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Ադրբեջանի հետ գազի մատակարարումներն ավելացնելու գործարքի համար այն դեպքում, երբ գաղտնիք չի եղել, որ  Ադրբեջանի նախագահը հակված է ռազմական ուժ կիրառելուն։

Հոֆմանը դրական է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։ «Առաքելությունը, կարծես թե, հաջողված է, քանի որ այն կարող է զսպող ազդեցություն ունենալ և հնարավորություն է տալիս հաշվետու լինել ԵՄ ղեկավարությանը: