Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել է անհավասարակշռություն նաև կիբերանվտանգության ոլորտում. Պապյան
24 Օգոստոսի 2023, 10:55
Հայաստանում չկա անվտանգության պետական քաղաքականություն: Օրինակ՝ չկա նորմ, ըստ որի պետական պաշտոնյանները կարևոր հանդիպումների պետք է գնան՝ առանց հեռախոսի: Մեր խոցելիության ֆոնին՝ Ադրբեջանի լրջագույն ներդրումներ է արել իր կիբերտիրությում: Իսրայելի հետ համատեղ՝ Ադրբեջանում ստեղծվել է կիբերանվտանգության կենտրոն: Alpha News-ի հետ զրույցում Cyberhub-ի համահիմնադիր Արթուր Պապյանն ընդգծում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ, շատ լուրջ անհավասարակշռություն է առաջացել նաև կիբեր միջավայրում:
«Կիբերոլորտը իրենք դիտարկում են՝ որպես ռազմական առաջնահերթություն, լուրջ ներդրումներ են անում, իսկ հայկական կողմում ակնհայտ բացեր կան: Այդ ամենից բացի, նաև Ադրբեջանը ձեռք է բերել շատ լուրջ կիբեր զենք՝ Պեգասուսը: Ադրբեջանը Պեգասուսի՝ հաստատված հաճախորդ է»,- ընդգծում է Պապյանը:
Արթուր Պապյանը հիշեցնում է, որ Pegasus-ը իսրայելական արտադրության լրտեսական ծրագիր է: Նա նշում է՝ իրենց կենտորնի կողմից հրապարակվել է քաղհասարակության և մեդիաոլորտի 12 ներկայացուցչի անուն, որոնք հայնտվել են Ադրբեջանի թիրախում:
«Հիմա Հայաստանում ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի կամ կարևոր պետական գաղտնիքների տիրապետող անձի հեռախոսը, հավանաբար, թիրախավորված է և կոտրված»,- արձանագրում է Արթուր Պապյանը:
Ադրբեջանը, հասանելիություն ստանալով մի հեռախոսին, հաճախ կարողանում է դրա միջոցով թիրախավորել նաև այլ հեռախոսներ: Պետությունը պետք է ունենա պաշտպանիչ միջոցառումների հստակ ցանկ:
«Մենք տեսնում ենք ՏՏ միջադեպեր, որոնք չեն էլ հետաքննվում, տեսնում ենք տվյալների արտահոսքեր, որոնց համար մարդիկ չեն պատժվում», -նշում է Պապյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի պետական գերատեսչություններում IPhone-ի օգտագործման արգելքի թեմային, Պապյանը դա, առավելապես, բացատրում է պետական քարոզչությամբ: Նրա խոսքով՝ այսօր Android համակարգով սարքերն ավելի թիրախավորված են, քան IPhone-ները: Հայաստանում տեխնիկական և կիբերանվտանգային խնդիրները պայմանավորված են նաև մասնագետների պակասով: Տեխնիկական տաղանդ ունեցողներն, ըստ Արթուր Պապյանի, գնում են ՏՏ ոլորտ՝ պետական սեկտորը թողնելով լրջագույն կադրային և անվտանգային խնդիրների առաջ:
«Ցանկացած որակյալ ադմին, որոշ ժամանակ աշխատելով պետական ոչ մրցունակ աշխատավարձով, փորձում է աշխատանք գտնել ավելի բարձր վճարվող ՏՏ սեկտորում»,- նշում է է Արթուր Պապյանը:
Հայաստանում ստարտափներին և ՏՏ ընկերություններին տրվում են հսկայական հարկային արտոնություններ: Ըստ Արթուր Պապյանի՝ պետությունը նախ պետք է ներդրումներ աներ սեփական ՏՏ կարողությունները զարգացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր տեխնիկական մասնագետների պակաս կա նաև մասնավոր ոլորտում: Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետի, Հայաստանում ՏՏ ոլորտն ամենևին էլ առաջին տեղում չէ:
Տնտեսական աճի ցուցանիշն ընդամենը 5-6 տոկոսի միջակայքում է: Նա ընդգծում է՝ կրթության որակի նվազմանը զուգահեռ, Հայաստանում աճում են ՏՏ ոլորտի պահանջներն ու խնդիրները: Արթուր Պապյանի դիտարկմամբ՝ Հայաստանն այսօր կարիք ունի Վրաստանի օրինակով ստեղծել կիբեր գերազանցության կենտրոն: Մինչդեռ, այսօր Հայաստանում, ինչպես Արթուր Պապյանն է նկատում, կիբերանվտանգության ոլորտում չի գործում մարդկանց ո՛չ պատժելու, ո՛չ էլ խրախուսելու համակարգը: