Ադրբեջանի համար խոչընդոտ է Հայաստանը, որ Հարավային Կովկասը վերածի թուրքական ազդեցության գոտու․ Վարուժան Գեղամյան
12 Հունվարի 2024, 23:49
Ադրբեջանը ստեղծվել է, որ Հարավային Կովկասը լինի ամբողջությամբ թուրքական ազդեցության գոտի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Ինչպես երեկ, 10 տարի առաջ, 30 տարի առաջ, 100 տարի առաջ, ըստ էության, Հարավային Կովկասում այն պետական միավորը, որի անունն է Ադրբեջանի Հանրապետություն, ստեղծվեց միայն մեկ նպատակով՝ այնպես անել, որ Հարավային Կովկասը լինի ամբողջությամբ թուրքական ազդեցության գոտի։ Դրա գլխավոր խոչընդոտը եղել, այս պահին է ու մնալու է Հայաստանի պետականությունը։ Ըստ էության, ադրբեջանական հանրապետությունն այսօր ունի հնարավորություն այդ հիմնական խոչընդոտը հնարավորինս հեշտ ճանապարհով վերացնելու»,- ընդգծել է թուրքագետը։
Գեղամյանը նշել է, թե Հարավային Կովկասում որ ճանապարհն է ամենահարմարը Արևելքից Արևուտք արագ տեղաշարժվելու համար։
«Հարավային Կովկասի ռելիեֆային քարտեզին եթե նայենք, կտեսնենք՝ դա մեծ լեռնազանգվածների յուրահատուկ միաձուլում է։ Այնտեղ շատ քիչ տեղեր կան, որ հնարավորություն են տալիս Արևելքից Արևմուտք անցնել անխոչընդոտ՝ հնարավորինս հեշտ ու արագ։ Դրանցից գլխավորը Արաքսի հովիտն է, որը սկսում է Արևմտյան Հայաստանի տարածքից, անցնում է այսօրվա Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով, իջնում է մինչև Մեղրիի հովիտ, Արցախի հարավ ու գնում է մինչև Ադրբեջանում գտնվող Կուր-Արաքսյան դաշտավայր»,- ասել է Գեղամյանը։
Մեր զրուցակիցը նշել է, որ ցանկացած տեսակի կոմունիկացիայի համար այդ հատվածն է ամենահարմարը։
«Պատահական չէ, որ թե՛ ռուսական կայսրության տարիներին, թե՛ Խորհդային Միության տարիներին երկաթուղիները հիմնականում Հարավային Կովկասի արևմտյան հատվածում կառուցվել են հենց այս սկբունքով։ Դա շատ հեշտացնում էր գործը, տալիս էր հնարավորություն արագ տեղափոխել մի տարածքից մյուսը զորք, զենք-զինամթերք»,- բացատրել է թուրքագետ Գեղամյանը։