Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի համար տնտեսական էֆեկտ չի ունենալու. Վահե Դավթյան

06 Հունիսի 2023, 19:09

Կարծիք

Ռազմավարական հաղորդակցությունների փորձագետ Վահե Դավթյանի համոզմամբ՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկումը Հայաստանին տնտեսական մեծ օգուտներ չի տալու:

«Այդ երկաթուղային հաղորդակցության միայն 40 կմ է անցնելու Հայաստանի տարածքով: Հայտնի էլ չէ, թե ինչ կարգավիճակով է իրականացվելու այդ հաղորդակցությունը, հետեւաբար եթե մի կողմ էլ դնենք անվտանգային խնդիրները, այն չի կարող ներառական զարգացման նշանակություն ունենալ Հայաստանի զարգացման համար, այսինքն՝ երկաթուղին Հայաստանի համար տնտեսական էֆեկտ չի ունենալու»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Վահե Դավթյանը:

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության նպատակը ոչ այնքան առեւտրատնտեսական կապերի զարգացումն է, որքան ռազմական հաղորդակցությունների իրականացումը:

«Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Թուրքիան այդքան շահագրգռված այս հաղորդակցության ձեւավորմամբ, չէ որ 2017 թվականից գործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի տարեկան թողունակությունը կազմում է 6, 5 մլն տոննա, բայց 2022 թ. դրությամբ կարողացել են փոխանցել ընդամենը 430 հազար տոննա: 2017-ից 2022 թթ.-ին 1, 3 մլն տոննա բեռ են փոխադրել, ինչը վկայում է այն մասին, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ առեւտրաշրջանառության առյուծի բաժինը ապահովում են խողովակաշարերով, ոչ թե երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտով»,- ասաց Վահե Դավթյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ Կառավարությունը 2022 թ. գումար է հատկացրել հետազոտության համար, որը պետք է պարզեր, թե ինչ տնտեսական օգուտներ է տալու Ադրբեջանի հետ հաղորդակցության վերագործարկումը Հայաստանին:

«Հայտարարվել էր, որ նախնական տվյալով՝ առեւտրաշրջանառությունը տարեկան կարող է հասնել 3 մլն տոննա բեռի: Բայց ես ուզում եմ ուղիղ զուգահեռ անցկացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ եւ ցույց տալ, որ չնայած Վրաստանի տարածքով Թուրքիան եւ Ադրբեջանը իրականացնում են հաղորդակցություն՝ չբախվելով որեւէ անվտանգային խնդրի, միեւնույն է գործ ունենք թերծանրաբեռնված երկաթուղու հետ, իսկ այս պարագայում, երբ մենք խոսում ենք Հայաստանի հարավով անցնող երկաթուղային հաղորդակցության մասին, ի հեճուկս տնտեսական տրամաբանության, հայկական կողմը հայտարարում է, որ դա կունենա լուրջ մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտ, ինչը կարծում եմ՝ տեղավորվում է տնտեսական պոպուլիզմի տրամաբանության մեջ:

Խոսքը ռազմական փոխադրումների իրականացման հեռանկարի, Նախիջեւանի միլիտարիզացիայի, ապագայում հակաիրանական պլացդարմի ձեւավորման եւ Թուրքիայի ելքը Կասպից տարածաշրջան ու Կենտրոնական Ասիա ապահովելու մասին է, ինչը որեւէ կերպ չի կարող համընկնել Հայաստանի երկարաժամկետ շահերի հետ»,- նշեց Վահե Դավթյանը:

Տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Ըստ դրա՝ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, սակայն, հայտարարել է, որ սահմանային ծառայությունները վերահսկելու է հայկական կողմը:

«Կարծում եմ՝այլեւս հստակ է բոլոր գործընկերների համար, որ սահմանային ծառայությունների ամբողջովին վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում հստակ է, կարծում եմ՝ մյուս գործընկերները սա ի գիտություն են ընդունել եւ հույս ունենք, որ նրանք նույնպես այս սկզբունքով առաջ կշարժվեն»,- Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Արմեն Գրիգորյանը:

«Արմեն Գրիգորյանն ասում է այն՝ ինչ նրանից ակնկալում է լսել Արեւմուտքը, որն ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը: Բայց անկախ նրանից, թե ով կվերահսկի այդ հաղորդակցությունը, միեւնույն է սա նշանակում է, որ Հայաստանն օգտագործվելու է որպես տարանցման գոտի, որի միջոցով տեղի կունենա Ադրբեջանի եւ Թուրքիայի գեոռազմավարական մերձեցում:

Բացի այդ՝ եթե Հայաստանը սահմանային ծառայությունների վերահսկողություն իրականացնի,ապա վստահ եմ, որ նա չունի բավականաչափ անվտանգային ռեսուրսներ եւ հնարավորություններ, որպեսզի պատշաճ կատարի այդ վերահսկողությունը: Անգամ եթե վերահսկի էլ, չեմ կարծում, որ մեր բոլոր հարցերը լուծված կլինեն»,- հավելեց Վահե Դավթյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսասատնի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման եւ կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: