Ադրբեջանի հետ հնարավոր չի լինի պայմանավորվել զինաթափման շուրջ. Անդրեյ Նիկուլին
31 Հունվարի 2024, 22:48
Քաղաքագետ Անդրեյ Նիկուլինը Alpha News-ի եթերում մեկնաբանել է Ադրբեջանի հետ չհարձակման պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկը։
Փորձագետի կարծիքով՝ կասկածելի է ակնկալել, որ Ադրբեջանի հետ հնարավոր կլինի պայմանավորվել ինչ-որ զինաթափման շուրջ։
«Սա անդրկովկասյան քաղաքականության խնդիր է, խաղացողներից յուրաքանչյուրը, որ կոնկրետ պահին իրեն զգում է որպես տարածաշրջանային ուժեղ խաղացող, հրաժարվում է ընդունել, որ որոշ ժամանակ անց նա կարող է կորցնել իր դիրքերը։ Հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն հաղթող է զգում, դրանով գնում է ընտրությունների և հաղթելու է ընտրություններում։ Տեղական հասկացություններով ընդառաջ գնալու պատրաստակամություն ցույց տալը նշանակում է թուլություն ցուցաբերել, իսկ Ալիևը դրան պատրաստ չէ։ Ընտրություններից հետո կտեսնենք, միգուցե կլինեն ինչ-որ գործողություններ, առանձին քայլեր, որոնք նա կներկայացնի ոչ թե որպես ընկերական, այլ նվաստացման ժեստ։ Բայց լրջորեն հույս դնել այն բանի վրա, որ կհաջողվի պայմանավորվել ինչ-որ զինաթափման մասին, կասկածելի է»,- ասել է Նիկուլինը:
Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանում առկա խնդիրները կհիշվեն նախագահական ընտրություններից հետո, սակայն առայժմ Ալիևը փորձում է ամրապնդել իր դիրքերը։
«Ալիևն ադրբեջանցիներին է ներկայացնում մի նկար, որտեղ նա լուծեց Ղարաբաղի հարցը, վերամիավորեց երկրի տարածքները, լուծեց անջատողականության խնդիրը, գործ ունեցավ ուժեղ թշնամու հետ, որի հետ չկարողացան գործ ունենալ իր նախորդները, այդ թվում՝ հայրը, և երկիրը դարձրեց տարածաշրջանի ղեկավար երկիր: Հենց այս պատկերով էլ նա գնում է ընտրությունների, որպեսզի հիմա, երբ իրավիճակը հնարավորինս հարմար է իրեն, կարողանա ամրապնդել իր դիրքերը։
Իսկ հետո արդեն նորից կսկսեն ի հայտ գալ Ադրբեջանի սոցիալական խնդիրները, կոռուպցիայի հարցերը, բժշկության խնդիրները, ծայրամասերի թերֆինանսավորումը և շատ այլ խնդիրներ, որոնք կվնասեն Ալիևի հեղինակությունը։ Դրա համար էլ հիմա նա փորձում է հնարավորինս ինքնահաստատվել։ Այսօր Բաքվում այն դիրքորոշումն է, որ եկեք համախմբվենք դրոշի շուրջ, մեր առաջնորդի շուրջ և չմտածենք շատ տհաճ հարցերի մասին», — եզրափակել է Նիկուլինը։